Այսօրվա Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական խնդիրներից է «հարեւաններին չնյարդայնացնելը»: Մեզ էլ, ցավոք սրտի, բավականին «նյարդային» հարեւաններ են բաժին ընկել՝ չգիտես, թե վաղը կամ մյուս օրն էլ ի՞նչը կարող է նրանց նյարդայնացնել, այսպես ասած՝ «կարմիր շորի» դեր խաղալ:
Նրանք կարող են խիստ ջղայնանալ, եթե որեւէ տեղ տեսնեն Արարատ բիբլիական լեռը: Արդյոք դա վերաբերո՞ւմ է հայերի կողմից գրված բոլոր գրական ստեղծագործություններին, հայ գեղանկարիչների կտավներին, հայ երգահանների մեղեդիներին: (Հիշենք թեկուզ «Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց» Նարեկացու տաղը): Թերեւս այդ բոլոր ստեղծագործությունները կարող են համարվել «պատերազմի եւ վրեժի», «վշտի եւ տառապանքի» քարոզ, «պաթետիկ ձեւ»՝ հենց այդ «բացասական երեւույթներն» են դատապարտելի համարվում «Իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշման եւ աջակցության մասին» կառավարության որոշման նախագծում:
Հարեւաններին կարող են նյարդայնացնել նաեւ Արեւմտյան Հայաստանի կամ Արցախի որեւէ հայկական բնակավայրի հիշատակումը, ինչպես նաեւ՝ «Արեւմտյան Հայաստան» եւ «Արցախ» անունները: Ենթադրենք, եթե ես գրեմ, որ հայերն ապրել են Արցախում հազարամյակների ընթացքում, ինչը մինչեւ 2020 թվականը բազմիցս պնդել են նաեւ ՔՊ-ականները եւ նրանց ղեկավարը, դա պատերազմի քարո՞զ կլինի: Եվ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մինչեւ 2020 թվականը պատերազմի հրձիգները հենց ՔՊ-ականներն էին:
Նայենք հիմա միջազգային փորձին: Հույներն ասում են, որ, օրինակ, Էփեսոսը հունական քաղաք է, գերմանացիները Քյոնիգսբերգը համարում են Արեւելյան Պրուսիայի մի մաս, ճապոնացիները հավակնություններ ունեն Կուրիլյան կղզիներից երկուսի նկատմամբ: (Կարելի է աշխարհում մի քանի տասնյակ նման օրինակներ բերել): Դա, շատ հնարավոր է, նյարդայնացնում է, համապատասխանաբար, թուրքերին եւ ռուսներին: Բայց Հունաստանի, Գերմանիայի կամ Ճապոնիայի կառավարությունները հանդես չեն գալիս «գեղագիտական տեղորոշումներով»՝ հորդորելով իրենց արվեստագետներին այդ ամենի մասին չխոսել:
Կարդացեք նաև
…Բացառված չէ, որ մեր հարեւաններին նյարդայնացնում է նաեւ, որ մենք քրիստոնյա ենք: Գուցե դա հաշվի առնելով կրոնափո՞խ լինենք եւ Մայր աթոռը փոխարինենք «Էջմիածնի ղազիաթո՞վ», ինչպես որ ցանկանում է ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում. Նոյն իջնում է Արարատից, Հովհաննես Այվազովսկու 1889 թվականին նկարած երփնագիրը