«Ես Սովետում եմ ծնվել ու մեծացել, բայց մաշկիս վրա ՑԵՆԶՈՒՐԱՅԻ դանակը ոչ մի անգամ չէի զգացել։ Էսօր զգացի։ «Իլիկի» Անահիտը («Իլիկ»-ի տնօրեն Անահիտ Սահակյան.-խմբ.) մի քիչ առաջ քնքուշ նամակ գրեց ինձ և ասաց, որ չեղարկում ա վաղը կայանալիք մեր ՄԵՆՔ-ի հավաքը՝ «վերնագրի» պատճառով։ Ձեռքերս դողում են, շատ երկար գրել չեմ կարող։ Դժվար օրեր են գալիս, հայրենակիցներ, «Իրական» Հայաստանում սառնամանիքներ են լինելու,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ պարզաբանելով: – «Վերնագիր» ասվածը Անահիտի ձևակերպումն է, իրականում խոսքը մեր հավաքի թեմայի մասին է, որը ես իմ գրառման մեջ ձևակերպել էի սենց․
«Ո՞նց անենք, որ եկող ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ ՄԵՆՔ։ Մենք՝ որ համաձայն չենք մեր հայրենիքի նվաստացման հետ և ուզում ենք ԿԱՆԳՆԵԼ ՈՏՔԻ։ Սրա մասին կլինի ՄԵՆՔի նոր հավաքը։ Հինգշաբթի՝ ամսի 18-ին, երեկոյան 7-ին, ԻԼԻԿ-ում։ Եկեք, խոսենք, քննարկենք»:
Մեկ այլ գրառմամբ հավելել է. «Եվ մի կարևոր դիտարկում՝ ովքեր ճանաչում են «Իլիկի» Անահիտին, կհասկանան, որ խնդիրը բնավ իր անձի մեջ չի, պետք չի իրեն խարազանել։ Խնդիրը էն խայտառակ իրավիճակն է, որ կեղտոտ քարոզչության արդյունքում ստեղծվել ա մեր երկրում»:
Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն էլ տարածելով նույն տեղեկությունը՝ հայտնում է. «Իլիկն» այն սրճարանն է, որտեղ ծնվել է «Կեցցե սիրո և համերաշխության հեղափոխությունը» արտահայտությունը»:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Ակն ընդ ականի» ֆեյսբուքյան էջից
Լրացում. «Ինձ Ցենզուրայի թագուհի են հռչակել»,- ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ պատասխանել է Անահիտ Սահակյանը: Նրա պնդմամբ՝ իրեն որեւէ մեկը որեւէ բան չի ստիպել. «Ես իմ գործերով էի, ծանոթ մարդուց մեսիջ ստացա, որ կուզեր մասնակցել, բայց չի մասնակցի, քանի որ հերթական անհեթեթ ձևակերպված թեմական, հետո մտա Մարինեի տեքստը կարդացի ու ֆազերս խփեց, ես ընդունում եմ ցանկացած թեմայի շուրջ քննարկման իրավունքը, բայց իմանալով, որ թեման խոցելի ու պրիմիտիվ սադրիչ է, շահագրգռված լինելով, որ բոլոր թեմաները միավորող սկզբունքը հենց Մենքն է, կարելի՞ էր մի հատ ինձ տեղյակ պահել և մտածել Մենքի շրջանակներում ավելի ազնիվ ձևակերպման շուրջ։ Քեզ դուր կգա՞, եթե դու բաց սրտով ու ցանկությամբ քո տարածքը տրամադրես, բայց մարդը սկի հարկ չհամարի քեզ տեղյակ պահել, թե ինչի մասին է ու անիմաստ քեզ դարձնի իր իմպուլսի էության թիրախը»:


















































