ՀՀ իշխանությունները իրենց հակաեկեղեցական արշավի շրջանակներում շարունակում են օգտագործել Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին, որն, իմ դիտարկմամբ, անդառնալիորեն հայտնվել է իշխանությունների ազդեցության տակ։ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Հ1-ի եթերով նրան հարցազրույցի հրավիրելը հենց այդ շարքից էր։ Շատ եմ ափսոսում, որ, այդուհանդերձ, Տեր Արամը «անվախորեն» տրվեց չարի կամքին՝ մաս կազմելով ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից սանձազերծած հակաեկեղեցական ու ապազգային քարոզարշավին։
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի մամլո դիվանը արդեն իսկ արձագանքել է այդ հարցազրույցին, սակայն ավելորդ չեմ համարում մի փոքր դիտարկում ևս կատարել։
Հուսով եմ, որ Տեր Արամը շատ լավ գիտի, որ օծյալ ու նվիրյալ հոգևորականները, ամեն մեկն իր պարտավորությունների սահմաններում, որպես քաղցր լուծ, կամովին հանձն են առնում որոշ սահմանափակումներ, որոնք խաչի նման խոնարհաբար պետք է կրեն ամբողջ կյանքում։
Խոստովանեմ, որ, ամեն դեպքում, փոքր ինչ կաշկանդված եմ խիստ քննադատական խոսքեր հնչեցնելու օծյալ ու գործող հոգևորականի հասցեին, սակայն պատշաճության սահմանները հարգելով ուզում եմ արտահայտել իմ տարակուսանքն ու վրդովմունքը վերոնշյալ հարցազրույցում տեղ գտած բազմաթիվ չարամիտ ու կենցաղային ոչ ուղղամիտ օրինակների կապակցությամբ, որոնցով Տեր հայրը փորձում էր ինչ որ բան բացատրել, ինչպես նաև Սուրբգրային կամայական մեկնաբանությունների կապակցությամբ, որով նա փորձում էր արդարացնել, իմ դիտարկմամբ, իր կողմից ոչ խորությամբ գիտակցված հակաեկեղեցական կեցվածքը։
Կարդացեք նաև
Այս պահին միայն մեկ դրվագի կանդրադառնամ հարցազրույցից, որով և մեծ հաշվով ամեն ինչ ասված կլինի։ Տեր Արամը մանիպուլյատիվ է համարում իրեն ուղղած այն դիտողությունները, համաձայն որոնց՝ նա իր հրապարակումներով «հարցը ընտանիքից հանել է դուրս»։ Տեր հայրը դա բացատրում է նրանով, որ աշխարհիկ հավատացյալները եկեղեցական մեծ ընտանիքի մաս են կազմում, և, հետևաբար, ինքն իր մտահոգությունները կիսվել է նաև, իր բնորոշմամբ, եկեղեցական ընտանիքի աշխարհիկ հատվածի հետ։
Այն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում յուրաքանչյուր մկրտված ու բարեպաշտ հայորդի հավատացյալ եկեղեցական մեծ ընտանիքի մաս է կազմում՝ ճշմարտություն է, սակայն Տեր Արամը պետք է գիտակցի, որ բացի եկեղեցական մեծ ընտանիքի բարեպաշտ հավատացյալներից՝ համացանցի միջոցով դրա մասին տեղեկանում են նաև Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող հակահայկական ուժերն ու աղանդավորական համայնքները, որոնք մեծ վարպետությամբ նման պատմությունները գեղարվեստական ձևավորումներով օգտագործում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Արդյունքում Տեր Արամի արածը հասարակական կյանքում դառնում է գայթակղություն՝ հավատացյալների և խրախճանք՝ հակաեկեղեցականների համար։ Նման տհաճ երևույթները շատ զգայուն ու մտահոգիչ են դառնում հատկապես Եկեղեցի-Պետություն հարաբերություններում առկա, մեղմ ասած, լարված պայմաններում։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ