Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսում Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց Հայ Եկեղեցու հարուստ փորձառությունն ու արդարության, արժանապատվության, խաղաղության տեսլականը

Սեպտեմբեր 18,2025 11:41

Սեպտեմբերի 15-17-ը Դանիայի Նյուբորգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի (ԵԵԿ) «Դեպի Եվրոպայի քրիստոնեական քաղաքացիություն» խորագրով հերթական համաժողովը։

Միջոցառումը կազմակերպել էր Դանիայի Քրիստոնեական Եկեղեցիների Ազգային Խորհուրդը՝ սերտ համագործակցությամբ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի հետ։ Այն համախմբել էր Եվրոպայի ազգային եկեղեցական խորհուրդների և ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին։ Խորքային քննարկման առարկա դարձավ քրիստոնեական քաղաքացիության ձևավորման և ամրապնդման կարևոր խնդիրը ժամանակակից Եվրոպայի համատեքստում։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցին այս համաժողովին ներկայացրեց Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

Սրբազան Հայրը զեկույց ներկայացրեց «Դեպի Եվրոպայի քրիստոնեական քաղաքացիություն․ խորհրդածություններ Հայաստանից» խորագրով՝ ներկայացնելով Հայ Եկեղեցու հարուստ փորձառությունն ու տեսլականը արդարության, արժանապատվության, խաղաղության և ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ։

Հանդիպման վայրի ընտրությունը նույնպես խորհրդանշական էր․ Նյուբորգը Դանիայի բարենորոգության պատմության կարևոր կենտրոններից է, որտեղից էլ 1959 թվականին սկսվել են Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի խաղաղարար նախաձեռնությունները։

Նյուբորգի այս հավաքը նպատակ ուներ ամրապնդել եվրոպական եկեղեցիների համագործակցությունը, նոր թափ հաղորդել նրանց առաքելությանը մերօրյա մարտահրավերների պայմաններում և խթանել քրիստոնեական քաղաքացիության ընկալումն ու իրագործումը՝ հիմնված արդարության, ազատության և արժանապատվության սկզբունքների վրա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930