Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկերն ու բյուջեն պետք է ծառայեն 3 նպատակի՝ կայուն եկամուտներ պետության համար, նոր ներդրումներ տնտեսության համար և արդարություն հասարակության համար. Դավիթ Անանյան

Սեպտեմբեր 18,2025 12:04

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ գործընկերներով ամփոփում էինք ներկայումս Հայաստանում վարվող հարկաբյուջետային քաղաքականության վերլուծականը։ Ընդհանուր գնահատականները փորձեցինք ձևակերպել մի քանի կարճ կետերով։ Ստացվեց այսպես․

1․ Այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը տեխնիկական է, բայց ոչ ռազմավարական, այն ապահովում է ընթացակարգային կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես տնտեսական աճի ու կառուցվածքային վերափոխման գործիք։

2․ Ֆիսկալ քաղաքականությունը չունի կանխատեսելի կանոններ և հակացիկլային ճկունություն, որի հետևանքով բյուջեն մնում է պրո-ցիկլիկ՝ տնտեսական անկումների ժամանակ խորացնելով ճգնաժամերը։

3․ Հարկային քաղաքականությունը կտրված է ֆիսկալ շրջանակից և չի խթանում զարգացումը, մասնավորապես, հարկային բեռի օպտիմալ մակարդակը, արտոնությունների արդյունավետությունը և հարկահավաքման որակի կապը տնտեսական արդյունքների հետ բացակայում են։

4․ Անհրաժեշտ է նոր դիզայն․ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է դառնա տնտեսական ռազմավարության գործիք, իսկ հարկային համակարգը կառուցվի այնպես, որ ապահովի եկամուտների կայունություն, ներդրումային խթաններ և սոցիալական արդարություն։

Շարադրելուց հետո հասկացանք, որ հանրային լայն շրջանակի համար նման խիստ մասնագիտական խոսույթը միշտ չէ, որ ընկալելի է (իսկ այն, ինչ հասկանալի չէ, հաճախ նաև կասկածելի է թվում)։

Փորձեցինք վերաշարադրել նույն մտքերը ժողովրդին ավելի հասկանալի լեզվով։

Ստացվեց այսպես․
1․ Մեր բյուջեն միայն հաշվում է, բայց չի զարգացնում։ Այսօրվա համակարգը կարգուկանոն է պահում, բայց չի ստեղծում աճ ու նոր հնարավորություններ։

2․ Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ։ Այսօր բյուջեն դառնում է ճգնաժամերի խորացման գործիք, որովհետև չունի ճկունություն դժվար պահերին։

3․ Հարկային համակարգը կապ չունի մարդկանց ու բիզնեսի իրական կյանքի հետ, չկա արդար բեռ, չկա խթան ներդրումների ու աշխատանքի համար։

4․ Պետք է փոխել ամբողջ տրամաբանությունը, մասնավորապես, հարկերն ու բյուջեն պետք է ծառայեն երեք նպատակի՝ կայուն եկամուտներ պետության համար, նոր ներդրումներ տնտեսության համար և արդարություն հասարակության համար։

Կարևոր է ոչ միայն լինել արհեստավարժ, այլև խոսել այնպես, որ քեզ հասկանա ու վստահի սեփական ժողովուրդդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930