Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխվարչապետերի պաշտոնանկություններ չեն սպասվում, իսկ ՔՊ-ում արշալույսները միշտ խաղաղ են»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 18,2025 13:45

«Կառավարությունում փոխվարչապետերի մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ 2013 թվականից, երբ ՔՊ-ն դեռ կուսակցություն չէր՝ քաղաքացիական նախաձեռնություն էր, դեռ այն ժամանակվանից ներքին քննարկումները տեղի էին ունենում բուռն ու սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում։ «Ցավոք սրտի, բոլորիս հետ էլ լինում է, ինձ հետ էլ է պատահել, նույնիսկ վերջերս, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր անցնում ենք, եւ բոլոր այդ դեպքերում վրա են հասնում կարգապահական գործընթացները»,- ասաց նա։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Երեկ տեղի է ունեցել նաեւ կուսակցության վարչության արտահերթ նիստ, հրավիրվել են բոլոր գործընկերները, մանրամասն քննարկում է տեղի ունեցել, եւ եզրակացությունները մնացել են նույնը։ Ցանկացած փաստի բերումով, եթե նույնիսկ մենք կայացնում ենք որեւէ որոշում, եթե ի հայտ կգա նոր հանգամանք, որեւէ խոչընդոտ չկա, որ մենք այդ թեմային վերադառնանք։ Իսկ ՔՊ կուսակցությունում արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց՝ հեղափոխություն են արել, որ իր թիմակիցներն անպատիժ մնան ու բռնությո՞ւն գործադրեն քաղաքացիների նկատմամբ։ Մասնավորապես, լրագրողները հիշատակեցին վերջին շրջանի դեպքերը՝ լրագրող Հակոբ Կարապետյանի վրա հարձակումը եւ ահազանգն այն մասին, որ Կադաստրի կոմիտեի նախագահի հրահանգով մարդ են առեւանգել ու ծեծել։ 

«ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ եւ դրանում որեւէ կասկած չկա։ Այդ հարցերը չեն որոշվում ոչ վարչապետի բրիֆինգում, ոչ լրագրողի տված հարցում։ Այդ հարցերը որոշվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եվ ինձ հայտի չէ փաստ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը։ Ի դեպ, Կադաստրի կոմիտեի նախագար Սուրեն Թովմասյանն այսօր պատմել է. «SMS ստացել եմ իմ հեռախոսին, էնպիսի լեքսիկոն է, որ չեմ արտաբերի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930