ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է «Դարպաս դեպի Եվրոպա» (Gateway to Europe)․ Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր հաբ» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովին ներկա են գտնվել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն Գոհար Աբաջյանը, պետական և միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառումը կազմակերպվել էր պետություն-մասնավոր երկխոսության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` Եվրամիության, Expertise France-ի, Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN)-ի և այլ գործընկերների համակազմակերպմամբ։
Համաժողովի նպատակն էր համախմբել հայկական և եվրոպական բիզնես հրեշտակներին, ստարտափների հիմնադիրներին, նորարարական և տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին, վենչուրային ու կորպորատիվ գործընկերներին՝ ամրապնդելով գործարար կապերը եվրոպական կապիտալի և տեղական ստարտափների միջև։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ելույթում նշել է, որ այս միջոցառումը յուրօրինակ հնարավորություն է ոչ միայն Հայաստանի տնտեսական ու ներդրումային ներուժը ներկայացնելու, այլև նոր ծրագրեր մեկնարկելու համար՝ միաժամանակ խորացնելով Հայաստան-ԵՄ ռազմավարական համագործակցությունը։
Կարդացեք նաև
«Այսօր Հայաստանը միավորել է եվրոպական բիզնես հրեշտակների ցանցերին, միջազգային վենչուրային հիմնադրամների և հայկական նորարարական ընկերությունների լավագույն ներկայացուցիչներին։ Սա հստակ ազդակ է, որ Հայաստանը դիտարկվում է որպես նորարարության և բիզնեսի վստահելի հարթակ։ Վստահ եմ, որ այստեղ ձևավորվող գործընկերությունները կդառնան ամուր հենասյուններ Հայաստանի տնտեսական կայուն աճի և զարգացման համար», – նշել է Գևորգ Պապոյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն