«Ազատություն». Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Ռուս-ուկրաինական պատերազմի մասին հարցին պատասխանելիս նա Վաշինգտոնի կարգավորած հակամարտության օրինակ է ներկայացրել հայ-ադրբեջանական փաստաթղթի ստորագրումը։ Դոնալդ Թրամփը դարձյալ երկրների անունները սխալ է արտաբերել՝ Հայաստանն անվանելով Ալբանիա, Ադրբեջանը՝ «Աբերբեջան»:
«Այն տարիներ էր շարունակվում և երբեք չէր կարգավորվի: Եթե հիշում եք, վարչապետն ու նախագահը իմ գրասենյակում էին, սկզբում նրանք հեռու էին միմյանցից նստել։ Մեկ ժամ միասին աշխատելուց հետո նրանք ավելի մոտենում էին, և երբ ավարտեցինք, բոլորս գրկեցինք միմյանց»,- ասել է Թրամփը։