«Կարիք չկա, այս պահին ինչ ստացել են, իրենց համար բավարար է։ Ինչների՞ն է պետք Խաղաղության պայմանագիրը, եթե այդ ճանապարհը, միևնույնն է, կառուցվելու է», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ալիք մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով TRIPP-ի Թրամփի ուղու կամ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառուցմանը։
Արսեն Խառատյանը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի համար այդ ճանապարհը կարևոր է, այդ պատճառով էլ օգոստոսի 8-ից հետո բավականին արագ 145 մլն դոլար հատկացրեց դրա կառուցման աշխատանքների իրականացմանը։
«Ավելին ասեմ, աշխարհում քիչ չեն երկրներ, որոնք խնդիրներ ունեն, բայց նրանց միջև ենթակառուցվածքները գործում են։ Ռուսաստանը և Ուկրաինան դրա լավագույն օրինակն են․ ռուսական գազը Ուկրաինայի տարածքով մինչև վերջերս գնում էր Եվրոպա։ Այնպես որ ես TRIPP-ը ուղիղ չէի կապի Խաղաղության պայմանագրի հետ», – ասաց նա։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ապա Արսեն Խառատյանը գտնում է, որ հայկական կողմն այլևս չպետք է խնդրի դրա բացումը։ Ասում է, գնդակն արդեն Թուրքիայի դաշտում է։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները կարող են միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնել, թե մեր երկրում ռուսական ռազմաբազան հենց այդ փակ սահմանի պատճառով է գտնվում։
Կարդացեք նաև
«Որ Թուրքիան է անուղղակիորեն ռուսական 102-րդ ռազմաբազան պահում Հայաստանում», – հավելեց նա։