Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարգար Հմայակյանի հետ
-Նոր Արմավիր բնակավայրում ե՞րբ են սկսվել հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները։
-Նոր Արմավիրի բնակավայրի և դամբարանադաշտի պարբերական պեղումները սկսվել են 2012 թ-ից Սիմոն Հմայակյանի ղեկավարած արշավախմբի կողմից։ Այստեղ դեռևս 1960-ական թթ․ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ՝ Հարություն Մարտիրոսյանի և այնուհետև Ռաֆիկ Թորոսյանի ղեկավարած արշավախումբը իրականացրել է պեղումներ և հայտնաբերել մի քանի կարասային դամբարաններ և մեկ սարկոֆագային թաղում։
Բայց, քանի որ արշավախմբի բուն նպատակը Արգիշթիխինիլի քաղաքի արևմտյան ամրոցի (Դավթի բլուրի) ուսումնասիրությունն էր այստեղ հետազոտությունները մնացին անավարտ։ Մի քանի անգամ, սակայն, 1982, 1986 և 1990-ական թթ․ Նոր Արմավիրի բնակելի տների հողատարածքներից պատահաբար բացվել են դամբարաններ, որոնք պեղվել և հետազոտվել են ՀԱԻ այդ դեպքում Արմավիրի արշավախմբի կողմից։
Կարդացեք նաև
– Պ. գ. թ., ՀԱԻ ավագ գիտաշխատող Սիմոն Հմայակյանի ղեկավարությամբ ո՞ր թվականից են այդ բնակավայրում իրականացվում հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ։
-Հիմք ունենալով խորհրդային տարիներին Նոր Արմավիրից գտնված դամբարանները՝ 2012 թ․ ձևավորվեց ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Նոր Արմավիրի հնագիտական արշավախումբը, որի հիմնական անդամներն են արշավախմբի ղեկավար՝ Սիմոն Հմայակյանը, պեղող հնագետներ Նվարդ Տիրացյանը և ես։ Արշավախմբի 14-ամյա գործունեության արդյունքում այժմյան Նոր Արմավիր գյուղի տարածքից պեղվեց 27 դամբարան՝ 61 անձանց բազմատեսակ ծեսերով ուղեկցված թաղումներով։
Գտնվեցին նաև շինությունների պատեր, փարախ, պաշտամունքային տաղավար և այլն։ Թաղումների մեծ մասն արշավախումբը հայտնաբերեց Նոր Արմավիրի «Լևոնի այգի» անվանված թիվ 3 հնագիտական տեղամասում, որը գտնվում է Հովհաննիսյանների ընտանիքին պատկանող տնամերձ մեծ այգում։
Հայտնաբերված նյութերի հնագիտական և հնամարդաբանական ուսումնասիրությունների միջոցով (հնամարդաբան Անահիտ Խուդավերդյան), արշավախումբը պարզեց, որ այստեղ դամբարաններն ունեն թվագրման երկու սանդղակ՝ 1. Մ․թ․ա․ 8-7-րդ դարի ուրարտական շրջան, 2. Մ․թ․ա․ 6-րդ դարով թվագրված վաղ Երվանդունիների ժամակաշրջան։
Ուրարտական դամբարանները գտնվել են 2,7-3 մ խորությունից և պատկանում են այժմյան Նոր Արմավիրին կից Արգիշթիխինիլի քաղաքի արևմտյան ամրոցի բնակիչներին, իսկ մ․թ․ա․ 6-րդ դարի դամբարանները պատկանել են այստեղ գյուղ հիմնած մարդկանց, որոնց թվում են նաև արևմտյան բլուրը լքած որոշ խմբեր։
Ըստ կատարված հնագիտական պեղումների՝ հուղարկավորությունները գտնվում են բնակելի և գյուղատնտեսական շինությունների անմիջական հարևանությամբ։ Հայտնաբերված թաղման գույքը տպավորիչ է․ ոսկյա, արծաթյա և բրոնզե զարդեր (ականջօղեր, ապարանջաններ, մազակալներ), վզնոցների զարդամասեր՝ պատրաստված սերդոլիկից, շաղախից և ոսկրից, ինչպես նաև դաշույններ, խնամքի պարագաներ, տարբեր նյութերից պատրաստված կնիք-կախիկներ, բազմատեսակ կավանոթներ և այլն։
-2024-ին Հովհաննիսյանների այգում կատարված պեղումները շարունակվեցին 2025-ին, ովքե՞ր էին մասնակից այդ աշխատանքներին, ի՞նչ նոր բացահայտումներ եղան։
-2025 թ․ արշավախմբի կազմում էին Ս․ Հմայակյանը, Մ․ Հմայակյանը, Ն․ Հովհաննիսյանը, Ի․ Հովսեփյանը և Ա․ Մուրադյանը։ Այստեղ՝ նույն Լևոնի այգի տեղամասի Խ-8 փոսորակում, 2024 թ․ բացվել էր մ․թ․ա․ 6-րդ դ․ հիմնահողային դամբարան՝ հինգ անձանց թաղումներով։ Այս դամբարանն առանձնահատուկ էր, քանի որ թաղման գույքը ոչ թե դրված էր հանգուցյալների կողքին կամ նրանց վրա, այլ, ասես շաղ էր տրված դամբարանով մեկ։ Կմախքներն էլ վնասված էին․ հանգուցյալներից մեկի կոնքը, օրինակ, հայտնվել էր գանգի մոտ, որը կարող է նշանակել, որ դամբարանը կողոպտել են։
Պեղումային տարվա վերջին օրերին, դամբարանի մաքրման ժամանակ, բացվեց մեկ այլ թաղում, որի պեղումները որոշվեց թողնել 2025 թ․։ Այս տարի բացված դամբարանի իրադրությունն էլ առավել հետաքրքիր էր․ այստեղ բացվել էր 4 թաղում, որոնցից երկուսը գլխի առանձին հուղարկավորություն էր, մյուսը հիմնահողային՝ թերևս մոր և մանկան։
Վերջինիս դեպքում մեծահասակը դեմքով պառկած էր աջ կողքի վրա և այդպես, ըստ համեմատական վերլուծության, հիմնականում հուղարկավորում էին տղամարդկանց, բայց հաշվի առնելով, որ հանգուցյալի գրկին երեխա կար, ենթադրաբար թաղումը պատկանել է կնոջ։ Ուշագրավ էր նաև, որ կինը ձախ ականջի վրա կրում էր 10 բրոնզե ականջօղ, որոնցից հինգը նույնական էին, իսկ մնացյալը՝ իրենց ձևով տարբեր էին։ Այս թաղումների տակ գտնվեց ևս մի հիմնահողային թաղում՝ բաղկացած երկու անձից։
Հանգուցյալներից մեկի դեմքը, ասես, դեֆորմացված լիներ, ըստ երևույթին ուներ լուրջ հիվանդություն, որը կպարզվի հնամարդաբանական հետազոտություններից հետո։ Այս թաղումներից շուրջ 3 մ արևելք, բացվեց երեք անձից բաղկացած դամբարան։ Ըստ նախնական հետազոտության այստեղ հուղարկավորվել են ամուսիններ և նրանց միջակայքում՝ առավելապես մորը հպված դեռահաս երեխա։ Դամբարանից ևս գտնվեցին կավանոթներ, զարդեր, իսկ երեխայի կողոսկրերի տակից գտնվեցին երկու կնիք-կախիկներ, որոնք, հատակի մասում կրում էին թերևս գիշատիչ կենդանիների և երկրաչափական մոտիվներով խորադիր պատկերներ։ Թաղումները բացվեցին տեղամասին բնորոշ մ․թ․ա․ 6-րդ դարին հատուկ մշակութային հորիզոնում։
-Շարունակվելու՞ են պեղումները:
– Պեղումները ծրագրում ենք շարունակել հաջորդ տարի ևս, քանի որ, հաշվի առնելով նախորդ տարիներին այս տեղամասում ունեցած հետազոտությունների արդյունքները, (27 դամբարան 61 անձանց թաղումներով) ակնկալում ենք, որ այստեղից կրկին դամբարաններ և գուցե այլ բնույթի հուշարձաններ ևս կհայտնաբերվեն։
Հարցազրույցը՝ Զոհրաբ Ըռքոյանի