Օրերս հաճելի մի նորություն հայտնեցին. բացվել է մի նոր ուսումնական հաստատություն:
Ինչ խոսք, ուրախալի է ամեն մի նման նորույթը: Սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ է այդ հաստատությունը պաշտոնապես կոչվում «քոլեջ»: Մի՞թե 5-րդ դարից մինչեւ այսօր հայոց լեզվում ուսումնական հաստատությունները անուն չեն ունեցել։ Այդ ինչ առանձնահատկություն ունի «քոլեջ» կոչվածը, որ հայերենը պետք է փոխառներ անգլերենից: Ունենք դպրոց, դպրանոց, կրթարան, վարժարան, ճեմարան, ուսումնարան եւ այլն, եւ այլն: Մի՞թե այս եզրույթներից որեւէ մեկը չունի այն իմաստը, որ սպիպված ենք այլ լեզվից, տվյալ դեպքում անգլերենից փոխառնել: Անշուշտ հանգիստ կարող ենք յոլա գնալ առանց այդ փոխառության: Եթե տառապեի սնապարծությամբ, ապա կնշեի, որ երբ հայերը ունեին հարուստ գիր ու գրականություն եւ բազմաթիվ տարատեսակ դպրոցներ՝ մինչեւ անգամ համալսարաններ, անգլերեն լեզուն դեռ գոյություն չուներ: Սակայն իմ ասածն այն է, որ ունենանք մի քիչ արժանապատվություն ու այնուամենայնիվ չմոռանանք, որ Մեսրոպ Մաշտոցը շատ վաղուց ստեղծել էր բազմաթիվ ու տարբեր կարգի «քոլեջներ»: Պարզապես պետք է ունենալ հայեցի մտածողություն: Ինչպես անվանել այդ երեւույթը, դժվարանում եմ բնորոշել. օտարասիրություն, օտարամոլություն, թե ցուցամոլություն՝ իբր արդիական ենք: Կարծում եմ՝ ամենաճիշտ բնորոշումը թիթիզությունն է:
Ի դեպ, սա միակ դեպքը չէ. այսօր որոշ թիթիզների շնորհիվ մեր լեզու են խցկվում, սողոսկում բազմաթիվ եզրույթներ, որոնց կարիքը հայերենն ամենեւին էլ չունի: Այդ զարգացած, առաջադեմ, արդիական թիթիզը մտածո՞ւմ է, օրինակ, թե ինչ տպավորություն կունենա ասենք՝ ֆրանսիացին, երբ տեսնի այդ «քոլեջ» կոչվածը: Չի ասի, թե այս հայերը սեփական բառ չունե՞ն, իսկ եթե օտար բառ են օգտագործում, ապա ինչու ոչ «կոլեժ»: Իսկ եթե, այնուամենայնիվ, շատ են սիրահարված այդ «քոլեջին», կարող են այդ հաստատության (կրթարանի, վարժարանի, ճեմարանի) անգլերեն ցուցատախտակին գրել «քոլեջ» եւ չի խանգարի նաեւ ֆրանսերեն գրեն «կոլեժ»:
Այս առնչությամբ ցանկանում եմ անդրադառնալ Լեզվի տեսչությանը (չգիտեմ, թե ինչու դարձավ կոմիտե): Վաղուց ժամանակն է այդ հիմնարկությանը տալ անհրաժեշտ լիազորություններ՝ նմանատիպ ու բազմաթիվ այլ դեպքերում, համապատասխան լեզվական քաղաքականություն մշակելու համար: Կարծում եմ՝ հույժ անհրաժեշտ է համապատասխան օրենքով այդ հարցը մեկընդմիշտ կարգավորել:
Կարդացեք նաև
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.09.2025