Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալի է, թե ինչու Փաշինյանն ասաց, որ կառավարության որոշումների արդյունքում երկու ատոմակայան են ստեղծել։ Կարող էր ասել` 4 կամ 5». Դավիթ Խաժակյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2025 10:09

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երեկ հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե վերջին յոթ տարում իրենք 2 ատոմակայան են կառուցել՝ ծածուկ: Նրա ասելով` առանց հնչեղ խոսքերի, առանց ժապավեն կտրելու, լուռ աշխատելով։ Այս միտքը լսելուց հետո վստահ եմ՝ շատերն են ինձպես մտածել՝ մի՞թե հնարավոր է Հայաստանի նման փոքր երկրում ծածուկ ատոմակայան կառուցել, այն էլ` միանգամից 2-ը, որ ոչ ոք չիմանա այդ մասին, չգրի, չխոսի, ՄԱԳԱՏԷ-ն չհետեւի, միջազգային մամուլը չիմանա եւ այլն: Բայց ուշադիր լսելով Փաշինյանի խոսքի շարունակությունը, հասկանալի է դառնում, որ խոսքը ոչ թե ատոմակայանի, այլ արեւային կայանների մասին է․ «Մենք ատոմակայանից կրկնակի ավել երկու ատոմակայան ենք ստեղծել` առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չեն էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել։ Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել։ Ընդ որում, վերջին յոթ տարում է այս ճեղքումը տեղի ունեցել։ Սա մեծագույն ձեռքբերում է, որի մասին չի խոսվում, բայց կարեւորը խոսելը չի, կարեւորը ձեռքբերումն է»։

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, որ ուսումնասիրել է ոլորտը, ասաց․ «Զարմանալի է, թե ինչու Փաշինյանն ասաց, որ կառավարության որոշումների արդյունքում երկու ատոմակայան են ստեղծել։ Կարող էր ասել` 4 կամ 5։ Իսկ իրականությունն այն է, որ ատոմակայանը եղել եւ մնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության հենասյունը՝ 40% մասնաբաժնով, որն ինքնարժեքի իմաստով ամենամատչելին է։ Մինչեւ 50% հոսանքի արտադրությունը ՋԷԿ-երինը եւ ՀԷԿ-երինն է, եւ միայն 10-15% հոսանքն է, որ արտադրվում է արեւային կայանների կողմից։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումը բնավ չեմ թերագնահատում, բայց նոր ատոմակայանի կառուցման շուրջ կառավարության անգործությունը հանցավոր եմ համարում։ Հարցը շատ պարզ է, եթե Հայաստանը «Ռոսատոմի» հետ չկնքի նոր էներգաբլոկի կառուցման պայմանագիր, ապա 2036 թվին կլրանա Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, եւ էներգետիկ համակարգում կառաջանա հսկայական բաց։ Հավանաբար, պլանն այն է, որ այդ բացը կարող է լրացնել «բարեկամ» Թուրքիան՝ ռուսների հետ կառուցվող ատոմակայանի հաշվին»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930