Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ամբողջ ժողովրդի մի կտորն էթնիկ զտման է ենթարկվել, եւ ՀՀ իշխանության կողմից կա ընդամենը Գեւորգ Պապոյանի քաղաքական գնահատականը, որ սեպտեմբերի 19-ը ՀՀ անկախության օրն է»

Սեպտեմբեր 19,2025 12:12

«Այսօր փաստացի ամեն ինչ արվում է՝ մերժման քաղաքականությունը մինչեւ վերջ տեղ հասցնելու համար։ Առնվազն այն փաստը, որ սեպտեմբերի 19-ն է, եւ մենք որեւէ իշխանական պաշտոնյա չենք տեսնում Եռաբլուրում, արդեն ամեն ինչն ասում է։ Մի ամբողջ ժողովրդի հատված, մի կտորը տեղահանության է ենթարկվել, էթնիկ զտման է ենթարկվել, եւ այդ օրվա կապակցությամբ կա ընդամենը մեկ քաղաքական գնահատական, դա Գեւորգ Պապոյանի քաղաքական գնահատականն է, որ սեպտեմբերի 19-ը, ըստ իրենց, ՀՀ անկախության օրն է։ Այսինքն՝ այս մարդիկ գնում են այն ճանապարհով, որ մերժելով իրականությունը, իրենք կարող են ստանալ որոշակի քաղաքական դիվիդենտներ՝ վերարտադրվելու համար։ Համոզված եմ, որ ընտական պրոցեսներից առաջ ադրբեջանական իշխանությունն իր համար ընդունելի որոշակի նվերներ էլ ունի ՀՀ ներկայիս իշխանության համար նախատեսած։ Եվ այդ նվերների դիմաց հիմա մենք տեսնում ենք այս լռությունը, եթե չասենք թշնամական, ոչ հայկական քաղաքական գնահատական ու ընկալումներ իշխանության կողմից»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

Նա նշեց՝ Արցախի հարցը օրակարգ բերելը չի նշանակում, որ պետք է պնդում անել, որ վաղը-մյուս օրը ռազմական ճանապարհով ազատագրելու ենք Արցախը կամ հաջորդ տարի Արցախում ենք լինելու։ «Արցախի հարցն օրակարգ բերելն իրավական ճանապարհով պետք է լինի, ուրիշ ճանապարհ չկա։ Գոյություն ունի աշխարհի կողմից ճանաչված եւ գնահատված իրադարձություն, որն էթնիկ զտումն է։ Գոյություն ուներ Մինսկի խումբ, որը միջազգայնորեն ընդունել էր, որ գոյություն ուներ պրոբլեմը։ Այն իշխանությունը, որը պետք է հաջորդի Փաշինյանին, իր առջեւ պետք է խնդիր դնի առնվազն միջազգային իրավական տեսանկյունից հարցի գոյության իրավունքն ապահովել։ Եթե հարցի գոյության իրավունքը չես ապահովում, ուրիշ որեւէ մեկից ինչ-որ բան պահանջելու բարոյական իրավունք էլ չունես։ Միակ ճանապարհը իրավական տեսանկյունից հարցը բաց թողնելն է, որովհետեւ եթե անգամ վաղը-մյուս օրը Հայաստանը հնարավորություն ունենա ուժային ճանապարհով ինչ-որ հարց կարգավորելու, եթե չկա իրավական հիմք եւ չկա արձանագրված խնդրի գոյության փաստ, այդ ամենն ավելի դժվար է իրագործել»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ. Ստեփանակերտ. 2023 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930