Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Հիմա զինվորները քնե՞լ են, թե՞ բուշլատ են հագել. բուշլատը քնած զինվորի հագին ի՞նչ գործ ուներ. շիլաշփոթ է. Նորիկյան

Սեպտեմբեր 19,2025 15:15

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստում հարցաքննվեց ավագ հրշեջ փրկարար Հայկարամ Վարդանյանը:

Նա պատմեց, որ դեպքի օրը հերթապահության չի եղել, իրեն կանչել են տնից, հասել է դեպքի վայր, երբ արդեն կացարանի տանիքը փլված է եղել, որոնողական աշխատանքներ են սկսել, ձեռքերով ու բահերով մաս -մաս մաքրելով՝ առաջ են գնացել, փորձելով հանել տուժածներին:

-Տանիքը նստած էր, դիմացի հատվածը փլված էր, դիմացս տուժած կար, սկսել ենք հենց այդտեղից աշխատանքներ անել,- պատմեց վկան:

Առաջ գնալով՝ վկան 2-3 զինծառայողի տեսել է մահճակալի տակ իրար փաթաթված, մի հոգի էլ ճաղավանդակի մոտ էր՝ մեջքը հենված մահճակալին ուղիղ դիրքում, ըստ վկայի՝ այդպես մնացել էր ճաղավանդակի լուսամուտին, ոտքերը մասամբ մոխրացած էին:

Նրա խոսքով՝ դեպքի վայրում լսել է՝ մի հոգի վառված դուրս է եկել, հետագա խոսակցությունները, ասաց՝ չի հիշում:

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի հարցին՝ իր տպավորությամբ զինծառայողները թաքնվելու համա՞ր էին հայտնվել մահճակալի տակ, տանիքի փլուզմա՞ն, թե՞ այլ պատճառով:

-Իմ տպավորությամբ` ծխից պատսպարվել են,- պատասխանեց վկան:

Նորիկյանի հաջորդ հարցին՝ ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկել դուրս գան մահճակալի տակից, վկան պատասխանեց՝ այդ հարցի պատասխանը չունի:

Հաջորդ հարցին՝ որտեղի՞ց են դուրս բերել առաջին դին, վկան պատասխանեց՝ իր հիշելով վառարանի կողքից:

Նորիկ Նորիկյանն արձանագրեց, որ վառարանի մոտ գտնված դիակի հանգամանքը շատ էական նշանակություն ունի գործի քննության համար:

-Հայտնաբերված այդ դին քնած զինծառայողներից մե՞կն է եղել, թե՞ այդ մահացած զինծառայողը կացարանում չի եղել: Եթե մեկ զինվորի հաջողվել է գալ, հասնել վառարանի մոտ, միգուցե մնացածին էլ կարող էր հաջողվել, օրինակ` մահճակալի տակ իրար փաթաթված այն երեք տղաներին, մահճակալի տակ հայտնվելու փոխարեն շարժվել, դուրս գալ:

Այս վկան մի կարեւոր մանրամասն էլ հիշեց, որ իր տեսած տուժածների մեջ կային ե՛ւ հագուստով, ե՛ւ մասամբ հագուստով, ինչպես նաեւ բուշլատով զինվորներ:

-Բուշլատը քնած զինվորի հագին ի՞նչ գործ ուներ: Հիմա զինվորները քնե՞լ են, թե՞ բուշլատ են հագել. բուշլատը քնած զինվորի հագին ի՞նչ գործ ուներ. շիլաշփոթ է,- զարմացավ Նորիկյանը:

-Ես այդ հարցի պատասխանը չունեմ,- պատասխանեց վկան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930