«Այս իշխանությունները շատ փոքր դերակատարություն ունեն համաշխարհային եւ մասնավորապես հայ ժողովրդի ու Հայաստանի պետության պատմության մեջ, որպեսզի կարողանան փակել Արցախի հարցը»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ այսօրվա պայմաններով Արցախի վերադարձի հնարավորությունները չկան, բայց դա չի նշանակում, որ այդ հարցը չպետք է լինի օրակարգային։ Եվ ամենաամոթալին երեւի այն է, որ այլ երկրները՝ Շվեյցարիայի խորհրդարանը, Կանադան արձանագրում են, որ Արցախի հարցը փակված չէ եւ չի կարող փակ լինել, իսկ Հայաստանի իշխանությունները դրանից վախենում են։ «Բայց իրենք փոքր են դա անելու համար։ Եվ այն հոխորտանքն ու ցինիզմը, որով Փաշինյանն ասում է՝ եթե սա դուր չի գալիս մեր ժողովրդին, պիտի հեռացնեն իշխանությանը, ես կարծում եմ, որ դրա պատասխանը մեր ժողովուրդը պետք է տա։ Դրա համար մենք փորձում ենք գտնել պրակտիկ կիրառական ուղիներ, որպեսզի հնարավորություն տանք մեզ բոլորիս բարձրաձայնել այդ հարցը եւ վերջապես Հայաստանում իրականացնել իշխանափոխություն։ Խոսքը, բնականաբար, գնում է առաջարկված իմպիչմենտի լուծման մասին»,- ասաց Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի համար ատելի հարց է եղել միշտ․ «Ինքը դեռեւս ծախու լրագրող կամ ծախու խմբագիր եղած ժամանակներից ատում է Արցախը, ատում է ցանկացած հայկականը։ Իր համար գուցե Արցախը թոկ է կամ ինքը ատում է, իր տեսանկյունից զարմանալի չէ։ Բայց Արցախի ֆիզիկական գոյությունն ապահովում էր ՀՀ անվտանգային ճարտարապետության լրիվ այլ մակարդակ ու լրիվ այլ երաշխիքներ։ Հարատեւ ու շարունակական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են հաստատ ոչ վոթսափի համարներ։ Արցախի հիմնախնդրի կարգավորման, արցախահայերի իրավունքների վերականգնման հարցը կարեւորագույն հարցն է ՀՀ, հայոց պետականության համար, որովհետեւ այդ խնդրի լուծումը մեր պարտքն է, մենք պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ մենք տեր ենք մեր հայրենակիցներին։ Բայց զարմանալի չէ, որ Փաշինյանն այդպես է մտածում, որովհետեւ մեր հայրենակիցները հիմա Բաքվում են, եւ ինքը զրո տեր է կանգնում նրանց։ Նմանօրինակ դրսեւորումներն են ցույց տալիս, թե իրականում որքան է անկախ ու ինքնիշխան երկիրը։ Մեր տարածքից 240 քկմ օկուպացված է, ու դա նույնպես Փաշինյանին չին հետաքրքրում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանն այսօր պաշտոնական նամակով դիմել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին եւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին։
Անդրադառնալով իր այս նախաձեռնությանը՝ Մամիջանյանն ասաց․ «Ես համարում եմ, որ միջազգային գործընկերներից պետք է իրականանալի բաներ խնդրել։ Կարմիր խաչի գրասենյակը Բաքվում փակված է, մենք առնվազն մեկ դեպք գիտենք այսօր շարունակվող հացադուլի։ Մինչեւ այդ եղել են մի քանի հացադուլներ, շրջանառվում են տեղեկություններ, որ առկա են ինքնասպանության դեպքեր։ Եվ քանի որ այս իշխանությունները ջանք չեն թափել գոնե նորմալ ցուցակ ունենալու, թե ովքեր են այնտեղ պահվում, կա սարսափեցնող հավանականություն, որ մենք կարող է ուղղակի չիմանանք էլ այդ մարդու մասին, չիմանանք, որ ինքն ինքնասպանություն է գործել Բաքվի բանտում։ Եվ բացառապես հումանիտար պատճառով ես խնդրել եմ դեսպան Մարագոսին եւ տիկին Կալասին, որպեսզի կազմակերպեն, որ Բաքվում ԵՄ դեսպանն այցելի մեր տղաներին, որպեսզի գոնե իրենց ֆիզիկական առողջության եւ հոգեկան վիճակի վերաբերյալ տեղեկություն ունենանք»,- նշեց Մամիջանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ