Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նվաստացուցիչ առաջարկ է, վերջում մեղադրողները ներողություն են խնդրելու»․ Արծվիկ Մինասյանը՝ դատախազի՝ իր նկատմամբ 5 միլիոն դրամի գրավ կիրառելու առաջարկի մասին

Սեպտեմբեր 19,2025 19:35

Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ եւ պաշտպանության ու բնապահպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի, ինչպես նաեւ՝ Աշոտ Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Բենիամին Ղալեչյանի եւ Էդգար Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը որոշեց բավարարել Արծվիկ Մինասյանի պաշտպանի միջնորդությունը և վերցնել նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, ԱԺ-ն բավարարել էր Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը։

Գործի նախաքննությունն օրերս ավարտվել էր եւ ուղարկվել դատարան։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է Սեւանի ափին ապօրինի դղյակ կառուցելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու մեջ։ Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։

Արծվիկ Մինասյանի պաշտպանի միջնորդության հիմքում ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունն էր Արծվիկ Մինասյանին գործուղելու Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա մասնակցելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը, որը կկայանա հոկտեմբերի 11-18-ը։

Մեղադրող դատախազը նշեց, որ այս պահին շարունակում են առկա լինել խափանման միջոցի կիրառման համար ռիսկերը ու հայտարարեց․ «Այս հանգամանքները հաշվի առնելով՝ առկա կիրառվող խափանման միջոցի վերացման հնարավորություն չեմ տեսնում և գտնում եմ, որ մեղադրյալի՝ ՀՀ-ից բացակայելու հնարավորություն տալու հետ միաժամանակ ապահովելու համար վերջինիս պատշաճ վարքագիծը դատաքննության ընթացքում անհրաժեշտ է փոփոխել ներկա խափանման միջոցը և կիրառել գրավ՝ հինգ միլիոն դրամ, որը կարող է բավարար երաշխիք հանդիսանալ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը դատաքննության ընթացքում»։

Արծվիկ Մինասյանը վիրավորական համարեց իր համար գրավ սահմանելու առաջարկը ու հայտարարեց․ «Ներկայացվել էր կոնկրետ ԱԺ նախագահի կարգադրությունը։ Այդ հրավերը վերաբերում է ԱԺ պատգամավորների էթիկայի կանոնների օրենսդրական կարգավորումներին և որպես ընտրություն՝ մեր պահանջի համապատասխան մեծամասնությունը համաձայնություն է տվել, որ կարգավորում տեղի ունենա, և այդ կարգավորման շրջանակներում անհրաժեշտ են գտել ԵԱՀԿ-ն և ԵԽ-ն, որ այց կատարվի Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա, որ այդ մոդելը այնտեղ դիտարկենք ու տեղափոխենք ՀՀ։ Սա է անհրաժեշտությունը, որ պետք է մեկնեմ։

Հարգելի մեղադրողի տեսակետը՝ պայմանավորված խափանման միջոց փոխելու կամ այսպես ասած՝ գրավ կիրառելու՝ ես որպես մեղադրյալ չեմ ընդունում, մերժում եմ և համարում եմ, որ սա նվաստացուցիչ առաջարկ է, վիրավորանք է նաև օրենսդիր մարմնի՝ առաջնային մանդատով օժտված մարմնի ներկայացուցչի նկատմամբ։ Ոչ իմ անցյալը, ոչ էլ իմ գործունեությունը չեն տալիս նման առաջարկ անելու տեղիք։

Հետևաբար 2017-ին առաջին անգամ հարցաքննվելով այս գործի շրջանակում որպես վկա՝ ես շարունակել եմ, մնացել, մնում եմ այն տեսակետին, որ սա շինծու գործ է։ Ոչ փախչելու, ոչ խուսափելու ցանկություն չկա, և գործի ընթացքն էլ ցույց կտա, որ վերջում մեղադրողներն են ներողություն խնդրելու։ Այս պահի դրությամբ կոնկրետ է իմ միջնորդությունը․ խնդրանքը՝ վերացնել խափանման միջոցը»։

Նախագահող դատավորը հորդորեց զերծ մնալ ոչ դատավարական և վիրավորական արտահայտություններից․ «Որևէ գնահատական, որը կարող է վիրավորական լինել, որևէ մասնակցի նկատմամբ վիրավորական խոսք դիտարկվել, դրանից զերծ մնացեք»։

Դատարանը որոշեց վերացնել Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը ու հիմնավորեց․ «Դատարանն այս պահին փախուստի դիմելու հավանականությունը չի տեսնում, որ առկա է։

Եթե փախուստի դիմելու հավանականությունը բարձր գնահատենք, առնվազն կամ պետք է բացակայելու արգելք համակցված այլ խափանման միջոցով կիրառենք, կամ պետք է կալանավորենք պարոն Մինասյանին։

Ինչ վերաբերում է օրենքով կամ դատարանի որոշմամբ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանը, ապա դատարանը, հաշվի առնելով պարոն Մինասյանի զբաղեցրած պաշտոնը, փախուստի հավանականությունը ևս ցածր է համարում, ցածր է համարում հավանականությունը, որ նա իր վրա դրված պարտականությունները բարեխղճորեն չի կատարի, ուստի վերացնում է խափանման միջոց բացակայելու արգելքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930