«Ցանկացա հիշենք, թե ի՞նչ էր տեղի ունեցել, ինչքան լուսավոր մարդկանց է վերացրել այդ մեքենան ու գուցե նրանց չգոյության պատճառով մենք շատ -շատ բաներ ենք կորցրել, որպես երկիր, պետություն։ Իսկ երկիրը, պետությունը, ազգը անհատների հավաքածու է։ Այդ սերուցքը, որն ընկավ ժամանակի շղթաների տակ ու մենք կորցրեցինք լուսապսակ ճակատները, դա էլ իր ձևի մեջ ցեղասպանություն էր։ Առաջնորդների՞ն են չէ միշտ վերացնում։ Արևմտյան Հայաստանում ի՞նչ եղավ, առաջնորդներին տարան գլխատեցին, որ մոլորվի հոտը։ Հիմա նույն այս կարգերի ժամանակ էր։ Ու այդ դառը ողբերգական ճանապարհը անցավ մտավորական Չարենցը, որը այսօր գերեզման էլ չունի»,- ռեժիսոր Դավիթ Հարությունյանն է ներկայացնում իր ստեղծագործությունը, որի առաջնախաղը կայացավ օրերս՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 94-րդ թատերաշրջանը մեկնարկել է Վալերի Փիլոյանի «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հիման վրա բեմադրված «Չարենց» ներկայացումով։ Ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է։ Ի դեպ, նոր թատերաշրջանը նվիրված է թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին։
Պիեսը «ճանապարհորդություն է» չարենցյան ճանապարհով՝ «Երկիր Նաիրից» մինչև 1937 թվական՝ Չարենցի կյանքի ողբերգական ավարտ։ Բեմում Չարենցի կողքին են իր ժամանակի մտավորականները՝ Ակսել Բակունց, Աղասի Խանջյան, Գուրգեն Մահարի, Վահան Թոթովենց։ Փաստավավերագրություն, գեղարվեստական մոտեցում, դերասանական խաղ․ այս համադրությամբ ռեժիսորը փորձել է հանդիսատեսին փոխանցել մեծ գրողի ժամանակաշրջանի անցքերը, որոնք այսօր էլ արդիական են, մեր իրականության մասնիկն են։
Կարդացեք նաև
Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը պատմում է, որ թեմայի ընտրության շուրջ երկար են խորհել ու խորհրդակցել ռեժիսորների հետ։ Ի վերջո, Վալերի Փիլոյանին համոզել են պիեսը գրել․ «Վալերի Փիլոյանի պիեսից Դավիթը ստեղծել է իր ներկայացումը՝ առանձնակի ասելիքով և ժամանակին համահունչ։ Այս ներկայացումը փորձում է տալ ապագայի դռներ բացելու բանալիներ՝ թույլ տալով մտածել՝ որտեղ սխալվեցինք, ինչու չկարողացանք ժամանակին ճիշտ արժևորել հանճարին»։
«Հատկապես հասարակության որոշ շերտեր պետք է ավելի շատ իմանան Չարենցի մասին։ Թող թվա, թե դա այսօրվա թեմա չէ, բայց վստահ եմ՝ հայ ժողովրդի համար Չարենցը երբեք չի կարող չլինել արդիական»,- համոզված է թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը։
Չարենցին մարմնավորող դերասան Համլետ Ղազարյանն էլ անկեղծանում է՝ այս աշխատանքի ընթացքում նորովի է բացահայտել պոետին․ «Միշտ երազել եմ Չարենցին մարմնավորել։ Ռեժիսորի հետ շատ խորը վերլուծություն ենք արել, և կենսագրությունից հետաքրքիր դրվագներ ներառել ներկայացման մեջ։ Ինձ համար սա նախախնամություն է»։ Համլետ Ղազարյանը «մեր ողբերգությունն» է համարում, որ պիեսի իրադարձություններից հարյուր տարի անց էլ ներկայացման ասելիքը շարունակում է ուղիղ կապ ունենալ մեր օրերի հետ։
Ներկայացման հիմնական ուղերձը հավաքականության գաղափարն է։
«Այսօր էլ հավաքական ուժ չունենք։ Ամեն մեկն իր համար է ապրում։ Բայց մենք ելքեր ենք առաջարկում, թող հանդիսատեսը գտնի իր պատասխանը։ Պատահական չէ, որ վերջաբանը պատգամի պես հնչեց՝ մենք պետք է կարողանանք լինել հավաքական ուժ, իմանանք՝ ովքե՞ր ենք, ի՞նչ ենք ու ի՞նչ ենք դառնալու»,- ասում է Դավիթ Հարությունյանը հավելելով, որ ոչ մի կազմակերպության, խմբի, կոալիցիայի, կուսակցության չի հարում ու փորձում է անել այն, ինչ հոգով ու սրտով անհրաժեշտ է համարում․ «Իմ իրավունքն է ներկայացումների միջոցով խոսել երիտասարդ սերնդի հետ։ Ինձ, որպես արվեստագետ, հետաքրքրում է, թե այսօր ժողովրդի հետ ի՞նչ ունեմ կիսելու։ Ես չեմ կարող «Չարենցը» հատուկ այնպես բեմադրել, որ, օրինակ, աջ ձեռքով ձախ ականջը բռնես և մոդայիկ թվաս։ Ուզում եմ անել ներկայացում, որը պետք է հուզի, շատ հարցեր առաջ քաշի։ Թող նաեւ լինի դաժան ու ասելիք ունենա։ Բայց ես լուծում չեմ տվել։ Ուղղակի ասել եմ՝ տեսեք այսպիսի բաներ կային ու հիմա էլ շորշոփները երևում են»։
Ներկայացմանը ներկա Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը իր տպավորությունները բեմից հայտնեց․ «Երբ Չարենցի մասին ուզում են ինչ -որ բան ներկայացնել միշտ վախ կա մեջս, որ լավ չի ստացվելու, մտածում եմ՝ ավելի լավ է թող չանեն։
Բայց այսօր հսկայական աշխատանք էր կատարվել։ Ներկայացման ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, պիեսի հեղինակը ևս մեկ անգամ ճշգրիտ փաստերով ցույց տվեցին պապիկիս ճակատագիրը, տառապանքները, ժամանակի սարսափն ու ռեպրեսիաները։ Շնորհակալ եմ նաեւ դերասանախմբին»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ