Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Մանուկյան. «Եթե օր առաջ սրանցից չազատվենք, Սահմանադրությունն էլ, Հռչակագիրն էլ կվերացնեն, երկիրն ու ազգն էլ հետը, որ իրենք չդատվեն, մնան անպատիժ»

Սեպտեմբեր 19,2025 22:25

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող, հրապարակախոս եւ հանրային գործիչ Խաչիկ Մանուկյանը «Պարտադրված սահմանադրության վերաձեւումների կանխարգելումը» թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց. «Նման հավաքներ ամեն անգամ տեսնելիս, մասնակցելիս հասկանում եմ, որ մեր երկիրը պատեհապաշտների հույսին չի մնացել: Կան մտահոգ մարդիկ,  մտավորականներ, տարբեր ոլորտներ ներկայացնող առաջնագծում եղած տիկնայք եւ այրեր: Եվ վստահ եմ, որ բոլորի միասնական ջանքերով այսօր առողջ որոշում լինելու է:

Սահմանադրության կարեւորությունը առաջին անգամ զգացել եմ, երբ որ 90-ականներին Գերագույն Խորհրդում կարողացանք լուծել շատ ու շատ կարեւոր հարցեր: Այն ժամանակ ԳԽ-ն Անկախություն հռչակեց, Սահմանադրություն ընդունեց ու բազմաթիվ հարցեր լուծվեցին: Մասնավորապես, բանակի հարցը, երբ ԳԽ-ն որոշեց, որ լինելու է Ազգային Բանակ: Հիշում եմ, թե ինչ աղմուկ էր թե սահմանադրության շուրջ, թե բանակի շուրջ:

Հիմա մեր այդ արժեքները մեր աչքի առաջ տրոհվում են, վերացվում են, անկարեւոր են դարձվում: Բանակի հետ վարվում են ինչպես ուզում են, կրճատում են, այն էլ այս շրջանում, երբ իսկապես պատերազմական վիճակ է: Եվ կապ չունի, թե դա հիբրիդային պատերազմ է, որը կարող է ամեն վայրկյան վերածվել ռեալ ռումբերի պայթյունի: Բայց հիբրիդային պատերազմում էլ մենք գնում ենք պարտության սիմվոլներով: Եվ եթե օր առաջ դրանցից չազատվենք, Սահմանադրությունն էլ, Հռչակագիրն էլ կվերացնեն, երկիրն ու ազգն էլ հետը, որ իրենք չդատվեն, մնան անպատիժ եւ շարունակեն իրենց գործը:

Այո, սահմանադրությունը ամենակարեւորն է մեզ համար եւ մենք պետք է կարողանանք ունենալ բարձր արժեքներ ներկայացնող սահմանադրություն»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930