«Մենք կամ նոր՝ իրապես ազգային պետություն կերտելու հավաքական կամք կդրսեւորենք մոտ ապագայում, կամ կմիանանք պատմությունը լքած մյուս ազգերի ցանկին։ Ու սա բոլորովին էլ գույների խտացում չէ, ոչ էլ զգացականի վրա ազդելու հնարք». «Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը:
-Կառավարության որոշմամբ Արարատի պատկերը դուրս է գալիս սահմանահատման կնիքից, իսկ քննարկման դրված նախագծով իշխանությունն ասում է, որ բոլոր ստեղծագործությունները պետք է համապատասխանեն «իրական Հայաստանի» կոնցեպտին, վերահսկելու են։
-Իմ բնակարանի պատուհանից Արարատը շատ գեղեցիկ երեւում է։ Կարո՞ղ է բոլոր շենքերի պատուհաններն էլ որոշեն փակել։ Սա ոչ կնիքի հարց է, ոչ էլ ստեղծագործական ազատության։ Մարդը կատարում է իր նոր տերերի բոլոր պահանջները, այդ թվում՝ փորձում է կանխագուշակել եւ նախապես կատարել դեռեւս չարտաբերվածները, անգամ այնպիսիները, որոնք թուրքերի մտքով չէին էլ անցնի։ Անհամբեր սպասում եմ, թե Միրզոյանի անունը երբ են փոխելու։
Բայց համոզված եմ, որ «իրական Հայաստանի» կոնցեպտի մասին ակնթարթորեն կմոռանանք, երբ Նիկոլ Փաշինյանը կենթարկվի հայ ժողովրդի որոշմանը եւ իր խոստման համաձայն կկանգնի գնդակահարության պատի տակ։ Իսկ մինչ այդ պահը իրենք շատ բան կարող են ասել ու փորձել անել՝ դրանով միայն ապահովում են հայ ժողովրդի վերոհիշյալ որոշման իրավական, քաղաքական եւ բարոյական հիմքերը։
Կարդացեք նաև
-Զուգահեռ իրականությունում էլ «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանի համար անարգել տեղափոխություններ ենք խոստանում` ԱՄՆ վարձակալական հսկողությամբ։ Եվ Նիկոլ Փաշինյանն ասում է` ապահովել է պետության գոյությունը` առաջիկա հարյուր տարվա համար։ Ինչպե՞ս եք բնութագրում մեր իրականությունը։
-Դա զուգահեռ իրականություն չէ։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնության վերջին կետն են պարտաճանաչորեն, ավելի ճիշտ կլինի ասել, ստորաքարշորեն կատարում։ ԱՄՆ-ն այդտեղ սոսկ հրավիրյալ քավոր է, որին ներգրավել են քողարկելու համար այդ հատվածը փաստացի ադրբեջանցիներին տրամադրելու փաստը։ Հիմար կկվի պատմությունն է, ու դեռ մի քանի ձագեր էլ կան՝ անկլավները, թուրքերի բնակեցումը արդեն Հայաստանի սովետական տարածքում, հետո դրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով ուժային թափանցում։ Եթե այսպես շարունակվի, ապա հարյուր տարի հետո ոչ Նիկոլին են հիշելու, ոչ էլ որ ինչ-որ ժամանակ Հայաստան անունով պետություն է եղել։ 2024-ին 8 տոկոսով քիչ երեխա է ծնվել, քան նախորդ տարի, 2025-ի առաջին կիսամյակում էլ 6,5 տոկոսով պակաս, քան 2024-ի նույն ամիսներին։ Այս տեմպերով տասը տարի անց Հայաստանում հայության թիվը կրկնակի կկրճատվի։ Ու սա խաղաղության դարաշրջանի ուղղակի հետեւանքն է։ Երբ 2020թ.-ի վերջին ասում էինք, որ պարտությամբ Երրորդ հանրապետություն կոչվածը մահացավ, հենց այս իրականությունը նկատի ունեինք ու ոչ մի Նիկոլ չի կարող երկար ժամանակ խաղալ այդ հանրապետության վաղուց գարշահոտող լեշի հետ։ Մենք կամ նոր՝ իրապես ազգային պետություն կերտելու հավաքական կամք կդրսեւորենք մոտ ապագայում, կամ կմիանանք պատմությունը լքած մյուս ազգերի ցանկին։ Ու սա բոլորովին էլ գույների խտացում չէ, ոչ էլ զգացականի վրա ազդելու հնարք։
-Քաղաքական` դիմադիր, ընդդիմադիր ուժերի խոսույթից հասկանալի է դառնում, որ ընտրությունների են պատրաստվում։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք, դրանք հերթակա՞ն, թե՝ արտահերթ կլինեն։
-Հերթական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել՝ էլ ինչի՞ն պատրաստվեն։ Ընդդիմության ողջ փողոցային ակտիվության իրական նպատակը միշտ էլ եղել է ընտրություններին պատրաստվելը։ Նիկոլ Փաշինյանը անցյալում երկու անգամ, հանկարծակի արտահերթ ընտրություններ է նշանակել, խաղարկելով սեւուսպիտակ բեմականացումը եւ բարդություններ ստեղծելով նոր միավորների համար կամ ընդհանրապես խաղից դուրս թողնելով նրանց։ Քիչ ժամանակ է մնացել, սակայն բացառված չէ, որ այս անգամ էլ փորձի նույն կերպ վարվել։ Բայց եթե նկատի ունեք, որ նախկինա-կղերա-օլիգարխիական ընդդիմությունը նրան արտահերթ ընտրություն կպարտադրի, ապա ոչ՝ դա բացառված է։ Թեեւ ընդդիմության հնարավոր ցույցերը կարող են Նիկոլի կողմից օգտագործվել, որպես պատրվակ։ Չէ որ նա գործուն մասնակցություն ունի իրեն հարմար այդպիսի ընդդիմության՝ սեւ բեւեռի կայացման հարցում եւ արտահերթ ընտրությունները կարող է վերածել դրա հետ երկբեւեռ առճակատման։
-Իմպիչմենտը ՔՊ ից ու Փաշինյանից ազատվելու տարբերա՞կ է։
– Իսկ ո՞վ պետք է իմպիչմենտ անի։ Այս թեման ավելի շատ ծառայում է նախկինների երկու թեւերի գզվռտոցին, իսկ Նիկոլի մոտ առավելագույնը ժպիտ է առաջացնում։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.09.2025