Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը «զգալիորեն կրճատվել է» և մինչև տարեվերջ «գուցե հասնի նախորդ տարվա ցուցանիշների կեսին»։
«Եթե նախորդ տարի առևտուրը կազմել է 12․4 մլրդ դոլար, ապա այս տարի, ամենայն հավանականությամբ, այն կլինի մոտ 6 մլրդ-ի սահմաններում», — ասել է նա Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունը և համադրել Օվերչուկի պնդման հետ։
ՌԴ-ի և այլ երկրների հետ առևտրի գումարային ցուցանիշները
Կարդացեք նաև
Օվերչուկը պնդել էր, թե առևտուրը 2025 թվականին կարող է կրճատվել մինչև 6 մլրդ դոլարի։
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3․9 մլրդ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 9 մլրդ դոլար։
Այսինքն՝ այս տարի Ռուսաստանի հետ առևտուրը կտրուկ անկում է գրանցել։
Ի դեպ, 2024 թվականին ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության աճը զգալիորեն պայմանավորված էր նաև վերաարտահանման գործոնով, ինչի մասին բազմիցս հայտարարել են ոլորտի ներկայացուցիչներն ու մասնագետները։
Սակայն եթե դիտարկենք ավելի լայն ժամանակահատված, ապա պատկերն այլ է․
2023 թվական — 3․6 մլրդ դոլար,
2022 թվական — 2 մլրդ դոլար,
2021 թվական — 1․3 մլրդ դոլար,
2020 թվական — 1․1 մլրդ դոլար,
2019 թվական — 1․1 մլրդ դոլար։
Այս տվյալները ցույց են տալիս, որ մինչև 2024 թվականը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը կայուն աճ է գրանցել։
Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա վերջին տարիներին (բացառությամբ 2024-ի, երբ առևտրաշրջանառության ցուցանիշը պայմանավորված էր նաև վերաարտահանմամբ) աճ է նկատվում նաև «Այլ երկրների» ուղղությամբ։ Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին այդ ուղղություններով առևտրաշրջանառության գումարը կազմել է 5․7 մլրդ դոլար։ Նախորդող տարիներին գումարային ցուցանիշը եղել է շատ ավելի ցածր։
Այսպիսով, Օվերչուկի պնդումը ճիշտ է միայն այն մասով, որ ՌԴ-Հայաստան առևտուրը 2025 թվականին կտրուկ կրճատվել է 2024-ի համեմատությամբ։ Սակայն եթե համեմատենք ավելի լայն կտրվածքով՝ նախորդ 5 տարիների հետ, ապա 2025-ի ցուցանիշները համադրելի կամ նույնիսկ բարձր են եղել նախորդ տարիների ցուցանիշներից։
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»