ՀՀ ներքին գործերի նախարարությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ին մեկ անձից գնման ընդհանուր առմամբ 47 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել երկու ընկերության հետ՝ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների մատուցման համար։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գնման պայմանագրերը, ինչպես նաև ընկերությունները, որոնց հետ կնքվել են դրանք։
Հերթական տասնյակ միլիոնավոր դրամների պայմանագիրը՝ «Չեխ ավտոյի» հետ
Այսպես, նախարարությունը պայմանագրերից մեկը՝ 30 մլն դրամ արժողությամբ, կնքել է 2011 թվականին հիմնադրված «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ, որը չեխական Škoda Auto a.s.-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ 2023 թվականից ընկերության իրական շահառու է դարձել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ, բեռնափոխադրող «Լոգիկոն դիվելեփմենթ» ընկերության սեփականատեր Վահե Պետրոսյանը։
Պետրոսյանին է պատկանում ՍՊԸ-ի 24% բաժնեմասը։ Իրական շահառու է նաև Կարեն Թերզիյանը՝ 61% բաժնեմասով, որը «ՌԵԱԼԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի սեփականատերն է։ Մյուս շահառուների մասին տվյալներ չկան։
Ըստ նախարարության գնման պայմանագրի՝ ընկերությունը, մասնավորապես, պետք է երաշխիքային սպասարկման ծառայություն մատուցի 2023 թվականին նույն ՍՊԸ-ից ձեռք բերված «Շկոդա Սուպերբ» (Škoda Superb) մակնիշի ավտոմեքենաների համար։
Նշենք, որ սպասարկման գնման բազմաթիվ պայմանագրեր 2023 թվականից ի վեր կնքվել են ամեն տարի։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Կառավարությունը 1,785 միլիարդ դրամ էր հատկացրել այս ընկերությանը՝ պարեկային ծառայության 140 ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այն ժամանակ ընկերության միանձնյա բաժնետերը Ալբինա Մովսեսյանն էր, որը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի կինն է։
Ի դեպ, 2023 թվականին այս ընկերության բաժնետերերից է եղել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փեսա, Աջափնյակի նախկին թաղապետ Արտավազդ Սարգսյանը, որը 2025 թվականի ապրիլին դուրս է եկել բաժնետերերի ցանկից։
Սա 2025 թվականին նախարարության գնման արդեն 6-րդ պայմանագիրն է ընկերության հետ, բոլորն էլ՝ մեկ անձից գնման ընթացակարգով, այսինքն՝ մրցույթ որպես այդպիսին չի կայացել։ Համաձայն Ֆինանսների նախարարության armeps.am հարթակի՝ միայն ընթացիկ տարում ընկերության հետ կնքված պայմանագրերով՝ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 95 մլն դրամ։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»