ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կուսակցության հռչակագիրը։ Այն 2026-ի ընտրություններին մասնակցության ծրագիրն է լինելու։ Հռչակագիրը ՀՀ երրորդ հանրապետությունը լուծարելու եւ չորրորդ հանրապետության հռչակումը ՔՊ ռազմավարական նպատակ հայտարարելու մասին է։
«– Ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին,
– առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով,
Կարդացեք նաև
– առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը,
– վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,
– հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,
– ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը,
– ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը,
– ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը,
– հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝
ՀՌՉԱԿՈՒՄ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ
Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․
1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն:
2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։
3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։
4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
5․ Շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիություն հաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։
6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած եւ հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները;
7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցային եւ արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։
8․ Խթանելու է կրթության եւ աշխատանքի միջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը,աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների եւ ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը, ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։
9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ հերթական Համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցված ամենաարժեքավոր տուրքը։
Փառք նահատակներին եւ
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Իր ելույթից հետո Փաշինյանն ասաց, որ ամբողջական հաստատումը պահանջում է, որպեսզի դահլիճը երեք անգամ «կեցցե»-ներով հաստատի իր ասածը։ Հրահանգը կատարվեց։
«Այսօր Հայաստանի ժողովուրդ ասելով, հավասարապես նկատի ունեմ Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության, չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ։ Այսօր, այո, այդ թվում մեր աջակցությամբ փախստականի իրենց կարգավիճակը պիտի փոխարինեն Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ։ ՀՀ ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժը ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը։ Մեր խոնարհումը Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,–ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մեր ժողովուրդը ավելի լավ կառավարության ա արժանի, քան ուրացող վարչապետի գլխավորած ուրացող կուսակցության իշխանությունը։ Հիմա դեռ սկիզբն ա, սերունդների մոտ Փաշինյանը հիշվելու ա որպես աղետի, դավաճանության, խաբեության հոմանիշ։ Մեր երկիրը արժանի ա նորմալ, մարդասեր կառավարության, ներշնչող, հայրենասեր առաջնորդության ա արժանի մեր ժողովուրդը։ Մնում ա աղոթել, որ մարդկանց փակ աչքերը բացվեն, ումը դեռ փակ են։