«Մեզ համար, իրոք, ցավ է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրագույն սպասավորները գտնվում են բանտում, բայց սա է օրենքի և իրավունքի դիկտատուրան»,- ՔՊ համագումարում իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Սա ուժեղ ժողովրդավարական պետություն է, և պետք է չփորձարկեն պետությունը, նրա մեխանիզմները և նրա վճռականությունը։ Ընդ որում` նաև արքեպիսկոպոսները, ինչպես բոլորը, իրենց իրավունքները լիարժեք կիրառելու հնարավորություն են ունեցել՝ երթեր ու ցույցեր են արել, հայտարարություններ, բայց պետությունը պարտավոր է հատու արձագանքել, երբ օրենքը և իրավունքը արհամարհվել են, ու Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գործել այս տրամաբանությամբ»։
Նա խոսեց «Վեհարանը վեհին» նախաձեռնության մասին՝ ասելով, թե միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Գարեգին Բ-ից (դարձյալ նրան դիմելով ավազանի անունով) ազատելն է. «Առաջին հերթին հոգևոր, ապաքաղաքական օրակարգ է, և այս հարցը կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, բայց այդ թեման ունի նաև պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որը հոգևոր օրակարգի հետ և առնչվում է, և չի առնչվում»։
Նա պատմական էքսկուրս կատարեց՝ ասելով, որ Հայ առաքելական եկեղեցին 301 թվականին ստեղծվել է, ըստ էության, որպես Հայաստանի պետական ինստիտուտ, Տրդատ Մեծ արքայի որոշմամբ։ Հանգեց նրան, որ իր ստեղծման առաջին օրերից ու դարերից Հայ առաքելական եկեղեցին եղել է և պիտի լիներ պետական տրամաբանության մեջ գտնվող ինստիտուտ, բայց մեր պատմական դժբախտության բերումով Հայ առաքելական եկեղեցին իր գոյության 1724 տարիների մեծ մասը անցկացրել է հայոց պետականության բացակայության և կամ ծայրահեղ թուլության պայմաններում, և այս հանգամանքներում։ Ավելի հաճախ եղել է որպես կայսերական ինստիտուտ․ «Ընդ որում, սա չեմ ասում մեղադրական ենթատեքստով։ Տեղի ունեցածը հասկանալի է, որովհետև հայ առաքելական եկեղեցին մեր պետության չգոյության պայմաններում մեր ժողովրդի ձայնն ու շահերը կայսերական ատյաններում բարձրաձայնելու և պաշտպանելու գործառույթ է ունեցել իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում այստեղ մեր այստեղ մեր եկեղեցու դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Բայց պրոբլեմը հենց այստեղ է, որ, ցավոք, մեր եկեղեցու, Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդության մի հատված… շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ, թերևս այն պատճառով, որ թրծվել և ձևավորվել են Խորհրդային Միության շրջանում և նրա սրատես հայացքի ներքո»։
Իր մատուցմամբ, սա խնդրի ամբողջ նկարագրությունը չէ․ «Դառնությամբ պետք է արձանագրել, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն և նրան վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում»։
Կարդացեք նաև
Պնդեց՝ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց վեհարանը կաթողիկոսից ազատելու. «Մենք այս օրակարգը պետք է անպայման իրագործենք։ Այլ տարբերակ պարզապես չկա, Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ այնքան լավ։ Պետք է հեռանա կամավոր, առանց ժողովրդական ներգործության, բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ։ Խնդիրը հենց այն է, որ Կտրիճ Ներսիսյանը ոչ Աստծուն է ծառայում, որովհետև վստահ է, որ նա պարզապես գոյություն չունի, ոչ ժողովրդին, որովհետև վստահ է, որ նա իշխանություն չունի իր վրա։ Բայց մենք Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա և ժողովուրդն էլ իշխանություն ունի իր վրա։ Ու սա ընդամենը ժամանակի հարց է, նուրբ հարց է, և այստեղ պետք է գործել նրբորեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ