ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պաշտպանության առաքելությունը սեպտեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Հյուրերն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:
Կարդացեք նաև
Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ