Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին և ամենից առաջ հայրենյաց համար իրենց կյանքը չխնայած բոլոր հին ու նոր նահատակներին․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

Սեպտեմբեր 20,2025 18:17

Այսօր իշխանությունների քաղաքական դիսկուրսում հերթական անգամ շրջանառվեց այն կեղծ, սնոտի, հակագիտական պնդումը, թե ժամանակակից հայի հայրենասիրության մոդելը ձևավորվել է խորհրդային կայսրության կողմից 1940–1980-ական թվականներին։ Այս տեսակետը պատմականորեն ոչ միայն գռեհիկ սխալ է, այլև վտանգավոր խեղաթյուրում, քանի որ փորձ է արվում նենգափոխել իրողությունը և հայրենասիրությունը՝ որպես հայի ինքնության հազարամյա երևույթ, ներկայացնել զուտ խորհրդային գաղափարախոսության մնացորդ կամ հետևանք։ Խորհրդային շրջանը կարող էր հայրենասիրությունն օգտագործել ու վերարտադրել, բայց ոչ երբեք ստեղծել այն։

Խորհրդային բռնակարգի օրոք, ընդհակառակը, զտարյուն հայրենասիրությունը դատապարտվում էր որպես ծանրագույն հանցանք՝ ազգայնամոլություն, և այդ մեղադրանքով աքսորի ու մահվան դատապարտվեց ազգի սերուցքը։ Հայրենասիրությունը Հայկ Նահապետից մինչև այսօր հայի արյան կամ ինքնության տեսակարար հատկանիշն ու կշիռն է եղել և շարունակում է մնալ մեր գոյության կերպը, հոգևոր-մշակութային արժեհամակարգի առանցքը, և այդպես՝ նախնական ժամանակներից մինչև այսօր, ի ծնե և ցմահ։

Հայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին և ամենից առաջ հայրենյաց համար իրենց կյանքը չխնայած բոլոր հին ու նոր նահատակներին։

Դա նշանակում է ուրանալ և ժխտել մեր ամբողջ պատմությունը, խաչել կամ անարգանքի սյունին գամել անցյալի ողջ ժառանգությունը։ Այդպես կարող են դատել և գործել միայն նեոբոլշևիկյան գաղափարներ կրողները։ Իսկ հայրենիքը հայի համար միշտ եղել է անքննելի ու բացարձակ արժեք, ոչ թե ինչ-որ քաղաքական պատվեր։ Ահավասիկ Նժդեհի խոսքը՝ ասված ու գործված հենց խորհրդային ժամանակներում, որ կարող է բնաբան լինել մեր ամբողջ ընթացքի համար. «Իմ հոգին զոյգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք»:

Հ.Գ.

Հայ մատենագրության հաղորդած տեղեկությունները ցույց են տալիս, որ հայի հայրենասիրությունը ձևավորվել է դարերի ընթացքում՝ Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Մաշտոցից մինչև Խորենացի, Նարեկացուց մինչև Աբովյան ու Րաֆֆի, Ավարայրից մինչև հայդուկային շարժում, Սարդարապատի հերոսամարտից մինչև Արցախյան գոյամարտ։

Տեր Արարատ քահանա ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930