Լրահոս
Օրվա լրահոսը

Չտեսավ հայրենի երկրի կորուստը

Սեպտեմբեր 20,2025 20:25

Արցախյան վերջին պատերազմը, որ սկսվեց 2023թ․ սեպտեմբերի 19-ին, իր հետ 200-ից ավելի քաջորդի տարավ։ Քաջեր, որոնք իրենց կյանքի գնով փորձում էին տեր մնալ հայրենի Արցախին։ Ինչ խոսք, այդ 2-3 օրերի ընթացքում մեր քաջորդիները հասցրեցին մեծ կորուստ պատճառել թշնամուն, սակայն ուժերի մի քանի տասնյակ անգամ ավել լինելն ու քաղաքական խաղերն իրենց դերն ունեցան։

2023թ․ սեպտեմբերի վերջին օրերին Եռաբլուրում ու այլ հանգստարաններում կրկին հնչեցին կրակահերթեր, ու քաջ նահատակ զինվորին վայել մայր հողին հանձնեցինք հերթական Անմահ հերոսներին, որոնք համալրեցին Անմահների լուսե բանակը։

Սեպտեմբերի 29-ին Եռաբլուրում հուղարկավորվեց Ասկերան քաղաքում ծնված ու դեռ 20-ը չլրացրած Արսեն Առստամյանը։ Արցախյան առաջին գոյամարտի տարիներին Արցախում բնակվող գրեթե բոլոր տղամարդիկ մասնակից եղան մարտական գործողությունների։ Շատերը նահատակվեցին, եղան բազում վիրավորներ, հաշմանդամներ։

Ասկերանցի Էռնեստ Առստամյանը նույնպես անմասն չմնաց պատերազմին մասնակցելուց և մարտական հատուկ գործողության կատարելիս դարձավ հաշմանդամ։ Հերոս ամուսնու հիմնական հենարանը կինն էր՝ Մարգարիտա Սեյրանյանը։ 2004 թ․ հոկտեմբերի 20-ին ծնվեց նրանց որդին՝ Արսենը՝ Աննայի ու Անգելինայի եղբայրը։

Հոր ու հարևանների, հարազատների պատմածներն Արցախյան գոյամարտի մասին տպավորվել էին դեռ մանուկ Արսենի հոգում։ 2010թ․ Արսենն ընդունվել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը։ Արցախյան դպրոցներում հաճախ էին կազմակերպվում ցերեկույթներ, այլ միջոցառումներ՝ նվիրված Արցախյան գոյամարտի հերոսական անցքերին, նահատակ ու ողջ մնացած քաջորդիներին։ Երևի դա էր ազդել Արսենի վրա, որ 2019-ին, ստանալով հիմնական կրթություն, ուսումը շարունակել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանին կից գործող քոլեջի ՆԶՊ բաժնում։

Նպատակ է ունեցել նաև բարձրագույն կրթություն ստանալ նույն համալսարանում՝ հետագայում ռազմական գիտելիքները սերմանելու դպրոցականների մեջ։ 2023-ի հունվարին զորակոչվել է ԱՀ Պաշտպանության բանակ՝ ծառայության անցնելով հրետանային գնդում։ Չնայած ոչ երկար ժամանակ ծառայելուն, Արսենն արդեն արհեստավարժ հրետանավոր էր ու հայրենիքին նվիրված զինվոր։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին նրանց մարտկոցը գտնվում էր Ասկերանից 7-8 կմ հեռու։

Հայրենի քաղաքն ու իր հարազատներին էր պաշտպանում քաջորդին՝ մարտական ընկերների հետ մոռացած անձնականը։ Հենց առաջին պահից Արսենենց մարտկոցը մեծ կորուստներ պատճառեց առաջ եկող թշնամուն։ Ըստ տեղեկությունների՝ թշնամին հերոսական մարտկոցի տեղը գտնելու համար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, որոնք էլ հետախուզել են տարածքը։ Այդ ընթացքում հրետանավորներին զինամթերք բերող մեքենա է մոտեցել մարտկոցի հենակետին։ Թշնամին հասցրել է ԱԹՍ-ի միջոցով հարված հասցնել արդեն դիրքին մոտեցած մեքենային։ Պայթել են մեքենայում գտնվող արկերը, որոնց բեկորներից էլ նահատակվել է հրետանավոր Արսենը, ով շտապում էր օգնել վիրավոր ընկերոջը։ Նահատակվեց քաջորդին՝ այդպես էլ չդառնալով Արցախի դպրոցներից մեկի զինղեկը, ծնողներին թոռ պարգևողը, չտեսնելով հայրենի ծննդավայրի կորուստը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930