Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 20-26-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ մասնակցելու «Կոնկորդիա» 15-րդ տարեկան գագաթնաժողովին։
«Կոնկորդիա» (Concordia) ամենամյա գագաթնաժողովը հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային զուգահեռ ընթացող ամենամեծ և ամենաընդգրկուն ոչ քաղաքական ֆորումը, որը համախմբում է պետությունների ղեկավարներին, մասնավոր և հասարակական ոլորտների ղեկավարներին՝ քննարկելու և վերհանելու գլոբալ մարտահրավերների հասցեագրմանն ուղղված լուծումներ։
15-րդ հանդիպման նպատակն է ապահովել պատշաճ հարթակ ժամանակակից աշխարհի առաջատար գործիչների համար՝ կայուն զարգացմանը միտված երկխոսություն սկսելու, համագործակցությունը խթանելու նպատակով։
Concordia-ի շրջանակներում նախատեսվում է գործադիր ճեպազրույցների շարք՝ տեղական և գլոբալ մարտահրավերների շոշափելի լուծումներ ուսումնասիրելու և «համատեղ նպատակ, երկարատև ազդեցություն» գործողությունների վերաբերյալ քննարկումներ ապահովելու համար՝ հարյուրավոր մարդկանցից բաղկացած միջոլորտային լսարանի առջև, որոնք նվիրված են սոցիալական ազդեցությանը:
Կարդացեք նաև
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես է գալու որպես բանախոս Կլիմայի և կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ գործադիր ճեպազրույցների շրջանակում։
Միջոցառումը կարևորագույն հարթակ է 2025թ․ նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովին (COP 30) և 2026թ․ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP 17) ընդառաջ գլոբալ գործողությունների ծրագրերը քննարկելու համար՝ լոգիստիկ համակարգումից և օրակարգի մշակումից, մինչև համաշխարհային համայնքի կողմից հետագա գործողությունների հստակ ձևակերպման ապահովումը։
Concordia-ի շրջանակներում նախատեսված են նաև նախարար Համբարձում Մաթևոսյանի մի շարք երկկողմ հանդիպումներ կենսաբազմազանության պահպանության ոլորտում գործունեություն ծավալող ԱՄՆ խոշոր բնապահպանական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ, որտեղ կքննարկվեն COP 17-ի շրջանակներում վերջիններիս կողմից հնարավոր աջակցության և մասնակցության հարցերը։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ