Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Որ Արցախը մնար

Սեպտեմբեր 20,2025 22:47

Արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների շրջանակում առավել ծանր է հայրենի հողը պաշտպանելիս նահատակված տղաների անդառնալի կորուստը։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին թշնամին հերթական լայնածավալ հարձակումն սկսեց Արցախի ողջ սահմանով։ Չնայած ռուս-խաղաղապահների գոյությանը, մարտերը տևեցին մի քանի օր։

Ըստ որոշ լուրերի՝ թշնամին հարձակման էր անցել՝ մարտադաշտ բերելով 60 հազար զինվոր, մեծ քանակությամբ զրահատեխնիկա, անօդաչու սարքեր, հրետանի և այլն։ Արցախի պաշտպանները մի քանի օր հերոսաբար պաշտպանեցին հայրենի երկրի սահմանները, մեծ կորուստ պատճառեցին թշնամուն, բայց․․․ 200-ից ավելի քաջորդի համալրեցին Անմահների լուսե բանակը։ Հերոսական այդ օրերին Անմահի փառքով իրեն պսակեց նաև Տիգրան Կարենի Ավանեսյանը, և նրան իսկական զինվոր-հերոսին վայել հուղարկավորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հեռու հայրենի Ասկերան քաղաքից, որը մնաց թշնամու տիրապետության տակ։  Ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերներ, սպայական կազմի ներկայացուցիչներ, բռնի տեղահանված արցախցիներ․․․

Տիգրան Ավանեսյանը ծնվել է 1996թ․ մայիսի 15-ին Ասկերան քաղաքում։ Արցախյան առաջին գոյամարտի մասնակից ու հաշմանդամ Կարեն Ավանեսյանի ու Ռուզաննա Ավանեսյանի առաջնեկն էր, օջախի կրակը վառ պահողը։ Մանկուց աչքի էր ընկել իր խելացիությամբ։ 2003-2014թթ․ ընդունվել և ավարտել է Ասկերան քաղաքի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը։ Ուսման ողջ տարիներին իրեն դրսևորել է բանիմաց ու սիրելի աշակերտ, ընկեր, զավակ։ Ծնողները, տատը՝ Ալինա Ավանեսյանը, քույրը՝ Էլինան, միշտ էին հպարտ Տիգրանով։

Ավարտելով միջնակարգը՝ Տիգրանն ընդունվել է Արցախի պետական համալսարանի ֆինանսներ և կառավարում բաժինը։ 2015-2017 թթ․ զորակոչվել է Արցախի Պաշտպանական բանակ՝ ծառայության անցնելով Ն զորամասում։ Մասնակցել է 2016թ․ Ապրիլյան պատերազմին։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում՝ նույն մասնագիտությամբ։ 2022թ․ հունիսից ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատում։ 2023-ի հուլիսի 8-ին կայացավ Տիգրանի ու Ալիսա Հարությունյանի հարսանիքը՝ իհարկե ոչ ընդունված ճոխությամբ։

 

Արցախի շրջափակումն իր դերը խաղաց։ Այնուամենայնիվ՝ ուրախ էին նորապսակները, նրանց ծնողները․ նոր ընտանիք ավելացավ Արցախում։ Սակայն երկար չտևեց նորապսակների համատեղ կյանքը, չունեցան սպասված զավակը։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Տիգրանն իր ջոկատի հետ հսկում էր շատ կարևոր դիրք՝ դեռևս Արցախյան առաջին գոյամարտում հայտնի «Պուշկին յալը», որի ազատագրումը 1992-93 թվականներին շատ ծանր նստեց մեզ համար։ Այս դիրքը, եթե ընկներ թշնամու ձեռքը, Մարտակերտը կընկներ ծանր վիճակում։ Առաջին օրը թշնամին փորձել էր գրոհով գրավել «Պուշկին յալը», սակայն դեմ էր առել հայոց քաջերի խիզախությանը։ Երկրորդ գրոհից հետո թշնամին արդեն 50-ից ավելի ասկյար էր կորցրել, իսկ Տիգրանի ջոկատից վիրավորվել էին 2 քաջորդի։ Հասկանալով անհնար է կոտրել հայոց քաջերի դիմակայությունը հետևակի գրոհով՝ թշնամին սկսել էր հրետակոծել նրանց հենակետը, մինչև Տիգրանն ու իր քաջերը հարյուրավոր արկերի բեկորներից խոցվեցին ու  իրենց նահատակությամբ գրեցին հերոսական ևս մեկ էջ Հայոց պատմության մեջ։

Հպարտություն է՝ ունենալ նման զինվորներ, բայց ցավ է, երբ նույն զինվորները չունեցան օգնողներ։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930