Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Գործող ռեժիմը, խոստանալով «իրական Հայաստան», մեզ մատուցում է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան. Սերժ Սարգսյան

Սեպտեմբեր 21,2025 09:55

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մենք ազգովին «Այո՛» ասացինք անկախությանը՝ մեր ազգային ինքնության պահպանմանն ու արժանապատվությանը, մեր ինքնիշխան պետականության գաղափարին:

Այսօր ժամանակն է միասնաբար և վճռականորեն «Ո՛չ» ասել կապիտուլյանտ և ազգուրաց գործող կառավարիչներին, որոնք այդ անկախության ձեռքբերումները մսխել են, գաղափարն արժեզրկել ու ձևախեղել՝ վտանգի տակ դնելով մեր պետության և ժողովրդի ապագան։

Անձնիշխանությունը ինքնիշխանություն չէ, բազմակախյալությունը՝ անկախություն։

Գործող ռեժիմը, խոստանալով «իրական Հայաստան», մեզ մատուցում է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան:

Ցավոք, մենք դիմավորում ենք մեր պետականության վերակերտման պատմական օրվա տարեդարձը լրջագույն սպառնալիքների պայմաններում. Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացված է, սահմանները՝ խախտված, ինքնիշխանությունը՝ խարխլված, Արցախը հայաթափված ու հանձնված, բանտերը լի են քաղաքական բանտարկյալներով։

Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք: Պետությունը ձևավորվում է այդ պայքարի, շարունակականության, ճշմարտության, ժողովրդի պատմական հիշողության ու կամքի հիման վրա։

Նոր համարակալումներով հանրապետության մասին բարբաջողները փորձում են ջնջել մեր հիշողությունը, խեղաթյուրել պատմությունը, ուրանալ անցյալը, մերժել հաղթանակները:

Բայց պատմությունը չի սկսվում «զրոյական կետից»:

Չի կարող արյունը ջուր դառնալ, նահատակությունը՝ վիճակագրություն, հերոսությունը՝ պատմական սխալ։

Չի´ կարող:

Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը՝ որպես ազգ, պետություն և քաղաքացիներ՝ հեռացնելով պետականակործան կառավարիչներին:

Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։

Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը:

Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։

Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։

Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին։

ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930