Հայաստանի Անկախության 34-ամյակի օրը Երեւանի փողոցներով դեպի Արամ Մանուկյանի արձան կազմակերպված քայլերթի ընթացքում ԱԺ դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Aravot.am-ին ասաց. «Սա մեր դարավոր պայքարի, երազանքի արդյունք է: Մենք հայկական պետություն ստեղծել ենք, որպեսզի մեր ինքնությունը պաշտպանված լինի, որպեսզի մենք մեր խորհրդանիշները ունենանք, մեր օրհներգն ունենանք, որպեսզի մենք մեր պատմությունը սովորենք, մեր լեզուն պահպանենք, չկտրվենք այս ամենից:
Անկախ նրանից, թե մեզ հիմա ինչ են ասում, մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում հայկական պետություն ունենալ: Պետությունը մեզ պետք է ոչ թե ստամոքսի, հարկ մուծելու համար, պետությունը մեզ պետք է մեր ինքնությունը պաշտպանելու համար: Դրա համար էլ այս պետությունը մեզ համար բացարձակ արժեք է, իրեն պետք է փայփայել, պետք է պահպանել: Ինքը տարիներ շարունակ մեզ տվել է անվտանգություն, հպարտություն ու հիմա ինքը մեր կարիքն ունի: Անկախությունը բացարձակ արժեք է ու մենք պիտի այն պահպանենք: Այն խոսակցությունները, թե երրորդն ավարտում ենք, չորրորդն ենք սկսում, խոստովանություններ են, որ այս մարդիկ Երրորդ Հանրապետությունը կործանում են: Բայց ուզում է չորրորդ սկսեն, հինգերորդ սկսեն, ոչինչ չի փոխվելու՝ իրենց հանցանքների մեջ ոչինչ չի փոխվելու: Հայաստանի Հանրապետությունը կա, մենք էլ ուզում ենք անվտանգ լինել: Անկախությունը հենց դրա համար է պետք»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ՔՊ-ի երեկվա համաժողովից հետո իմպիչմենտի գործընթաց սկսելն ավելի արդիական չի դառնո՞ւմ, պատգամավորը պատասխանեց. «Իմպիչմենտի գործընթացը միշտ արդիական է: Խնդիրն այն է՝ ինչպես կարող ենք այն իրագործել: Երբ գնահատականն այն է, որ հիմա կա իրատեսական ծրագիր, որը կարող ենք իրականացնել, միշտ պատրաստ ենք այդ սցենարին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ