Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը

Սեպտեմբեր 21,2025 20:51

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համագործակցությամբ ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։

Ցուցադրության բացմանն ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: Ասուլիսից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է փակ դիտում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ ցուցադրության բացումը․ «Առանձնահատուկ պատիվ ու հպարտություն է արդեն երկրորդ տարին անընդմեջ մեր երկրի անկախության օրը նշանավորել թանգարանային նոր ցուցադրությամբ՝ միջազգային համագործակցության շրջանակում։ Նման համագործակցության հնարավորությունները պետականության ցուցիչ են և փաստում են, որ մշակույթը պետության և պետականության ամենակարևոր բաղադրիչներից է։ Պետականության ամրապնդումը դիտարկում ենք նաև մշակութային ինքնության, պատմամշակութային ժառանգության ուղղությամբ համագործակցության և հարաբերությունների զարգացման համատեքստում։

Նախորդ տարվանից մեկնարկած այս մոտեցումը կշարունակենք նաև հաջորդ տարիներին՝ սեպտեմբերի 21-ը դարձնելով մեր հանրությանը մշակութային նոր բովանդակություն ներկայացնելու օր։ Շատ կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և աշխարհի հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի այս օրը բացվել էր «Մայր ատվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ։

Նախարարի խոսքով՝ Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրությանը ներկայացվող բացառիկ նմուշները փաստում են Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթների միջև երկխոսության մասին, որը նաև լավ հնարավորություն է մեզ համար՝ բարձրացնելու թանգարանային ցուցադրությունների որակը՝ դրանք դարձնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան։

«Թանգարանային ոլորտում որակական փոփոխությունն ակնհայտ է, որը տեղի է ունենում նաև շնորհիվ այսպիսի միջազգային համագործակցությունների»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ վստահություն հայտնելով, որ Լուվրի թանգարանի հետ համագործակցությունը կշարունակվի նոր համատեղ ցուցադրություններով։

Ցուցադրությանը նվիրված խոսքով հանդես են եկել նաև Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նշվել է, որ Լուվրի թանգարանը Հայաստանում երբեք ցուցադրություններ չի ունեցել․ սա առաջին նախադեպն է, որն արդյունավետ համագործակցության փաստարկում է։ Ընդգծվել է նաև, որ Լուվրում բացվելու է նոր՝ Բյուզանդական արվեստի և արևելյան քրիստոնեության բաժինը, որի շրջանակում ևս Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցություն է նախանշվում։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930