Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 21,2025 22:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում ներկա է գտնվել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, որ հավաքվել եք Արմավիրի կենտրոնական հրապարակում և մեզ հետևում եք հեռուստատեսությամբ և համացանցով. այսօր սեպտեմբերի 21-ն է, և ես մեզ բոլորիս, ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով։

1991 թվականի այս օրը տեղի ունեցավ անկախության հանրաքվե, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ավելի քան 94 % -ն «այո» պատասխանեց հարցին, թե ցանկանում են արդյոք, որ Հայաստանը լինի անկախ պետություն՝ Խորհրդային Միության կազմից դուրս։ Այդ օրից ի վեր մեր երկիրը, մեր պետությունն անցել է բազում փորձություններով: Եվ այդ փորձությունների արդյունքում մեր ժողովրդի անկախության պետականության գիտակցումն էականորեն ուժեղացել է: Եվ այդ գիտակցության շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հաղթահարել մեզ համակած բոլոր փորձությունները:

Ես այս ամբիոնից, այս տոնական օրն ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր նահատակներին՝ Հայաստանի անկախության, ազատության, ինքնիշխանության դիրքերում ամուր կանգնելու համար, շնորհակալ եմ բոլորիցդ։

Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելու: Պետությունը նման է ավտոմեքենային, որ իր տիրոջը, ժողովրդին, կարող է տանել Ա կետից Բ կետը, մեր այսօրվա կետից կարող է տանել մեր ցանկացած հաջորդ կետը: Բայց դրա համար կան մի քանի կարևոր պայմաններ. ինչպես յուրաքանչյուր ավտոմեքենա, մենք պետք է հոգ տանենք մեր պետության վիճակի մասին: Երկրորդը՝ մեր պետության փաստաթղթերը, ինչպես ավտոմեքենայի պարագայում, պետք է լինեն տեղին և կարգին: Մենք պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք մեր պետության՝ մեր մեքենայի վարումով ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք: Իսկ այդ կետն ազատությունն է, բարեկեցությունն է, անվտանգությունն է, խաղաղությունն է և երջանկությունն է:

 

Ես ուզում եմ վստահաբար բոլորիդ հավաստիացնել, որ այսօր, այո՛, մեր երկիրը շատ վստահ է զգում իրեն այդ ճանապարհին: Այս ամենի մասին խոսելիս մենք չենք երազում միայն ապագայի մասին, որովհետև ուզում ենք, որ ապագան լինի այսօր, և ապագան այսօր է: Այս լեփ-լեցուն հրապարակը մեր այսօրվա ազատության խորհրդանիշն է, մեր այսօրվա ինքնիշխանության խորհրդանիշն է, մեր այսօրվա անկախության խորհրդանիշն է և մեր գիտակցության խորհրդանիշն է, որ մենք աշխատանքով, կրթությամբ, մեր սեփական ջանքով պիտի կառուցենք այն երջանկությունը և բարեկեցությունը, որին արժանի է մեր ժողովուրդը: Մեր ժողովուրդն արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ: Եվ մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք մեր երկրի երջանկությունը և բարեկեցությունը: Եվ այդ երջանկությունը և բարեկեցությունն ամենաազդու, ամենապատկառազդու և ամենաարժանի հուշարձանն է մեր բոլոր նահատակներին, մեր երկրի անկախության համար, իրենց կյանքը տված մեր բոլոր զինվորներին և մեր բոլոր քաղաքացիներին։ Եվ ես ուզում եմ մենք բոլորս այսօր հարգանքի տուրք մատուցենք մեր բոլոր նահատակներին, ովքեր ընկան, որ Հայաստանը ապրի, ովքեր ընկան, որ մեր երեխաներն ապրեն, ովքեր ընկան, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերի իրական ազատություն, իրական անկախություն:

Եվ ես լռության պայմաններում, ձեր բոլորի ներկայությամբ և թույլտվությամբ, հարգելով մեր բոլոր նահատակների հիշատակը՝ այս տոնական օրով, այս տոնական հրապարակում ծնկի կգամ նրանց առաջ։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930