Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունը սպառնալիքին հնազանդվելը չէ: Չի կարող լինել տևական խաղաղություն, եթե Եվրոպան աչք փակի Ադրբեջանի կողմից մարդկության դեմ գործած հանցագործության վրա. Հովհաննես Գևորգյան

Սեպտեմբեր 22,2025 10:18

Ֆրանսիական առաջատար «Մարիան» հանդեսը հրապարակել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հոդվածը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման երկրորդ տարելիցի առթիվ: Հոդվածի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև:

Արդեն երկու տարի է անցել այն օրից, երբ շուրջ 120․000 Լեռնային Ղարաբաղի հայեր, ավելի քան տասը ամիս տևած շրջափակումից հետո, զենքի ուժով, բռնի արտագաղթեցին իրենց հայրենի հողից՝, միջազգային հանրության գրեթե լիակատար անտարբերության պայմաններում։ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը դատապարտում է այս անպատիժ հանցագործությունը և ահազանգում Վաշինգտոնում օգոստոսի 8-ին՝ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ ստորագրված խաղաղության հռչակագրի պատրանքային բնույթը։

2023 թ․ սեպտեմբերի 19-ին՝ երկու տարի առաջ, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հայկական հանրապետության վրա՝ ավելի քան տասը ամիս տևած լիակատար շրջափակումից հետո։ Քաղցած և ուժասպառ խաղաղ բնակչության դեմ դաժանության բազմաթիվ գործողություններից հետո ադրբեջանական բռնապետության զինված ուժերը ստիպեցին այս ժողովրդավարական կղզու ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերին զենքը վայր դնել ընդամենը քառասունութ ժամում։

Մի քանի օր անց՝ երկրի ողջ հայ բնակչությունը, թողնելով ամեն ինչ իր հետևում, բռնեց տեղահանման ճամփան։ Նախապես ծրագրված և համակարգված կերպով իրականացված այս էթնիկ զտումը վերջ դրեց հայերի ավելի քան երկու հազարամյակների անընդմեջ ներկայությունն այս հողում։ Այդ ժամանակից ի վեր՝ չնայած Արդարադատության Միջազգային դատարանի կողմից ընդունված որոշմանը՝ ոչ մի գործնական մեխանիզմ չի ստեղծվել բռնի տեղահանված անձանց վերադարձն ապահովելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Մինչդեռ շարունակվում է նրանց պատկանող գույքի կողոպուտը, շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Այս ողբերգությունը մաս է կազմում Ադրբեջանի կողմից վաղուց որդեգրած հայերի բնաջնջման ռազմավարությանը, որը մեծ թափ ստացավ 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ժամանակ։ Հայաստանը, որը պատերազմի մեջ էր մտել՝ պաշտպանելու Ստալինի որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Արցախի հայ բնակչությանը, կրեց արյունալի պարտություն։ 2022-ի սեպտեմբերին նա չկարողացավ կանխել իր ինքնիշխան տարածքի դեմ կատարված խոշոր հարձակումը, որի հետևանքով կորցրեց մի շարք տարածքներ։ Հաջորդական պարտությունները և նոր հարձակումների սպառնալիքը դրդեցին վերջինիս 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ, որը ներկայացվում է իբրև «պատմական իրադարձություն»։

Կրկնակի խաղ Ռուսաստանի և Եվրոպայի միջև

Իրականում սա պարտություն է, ուժի և էթնիկ զտման միջոցով պարտադրված խաղաղեցում, միջազգային իրավունքի արհամարհում։ Հռչակագրի արդյունքում նավթային բռնապետության դիրքերն էլ ավելի են ամրանում։ Էներգիայի մատակարար, Թուրքիայի դաշնակից, Իրանի դեմ հավանական հակակշիռ, այն կրկնակի խաղ է խաղում Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Իսկ Եվրոպան ձևացնում է, թե չի նկատում, թե ում հետ է կնքել ռազմավարական գործընկերություն։ Կարևոր չէ, որ Բաքուն իր ընդդիմադիրներին հետապնդում ու ոչնչացնում է անգամ Ֆրանսիայում, քաղցած է պահում իր ժողովրդին, լռեցնում մամուլը, տանջում բանտերում։ Նույնիսկ Եվրոպայում, աշխարհաքաղաքական շահերը գերադասվում են բարոյական արժեքներից և արդարությունից։

Այս «խաղաղության» ճարտարապետները մեզ առաջարկում են պատկերացնել, որ Ադրբեջանին զիջելով մի ճանապարհ, որն «անխոչընդոտ» անցնելու է հայկական տարածքով՝ նրան կապելով ոչ վաղ անցյալում հայերով բնակեցված Նախիջևանի և այնուհետև Թուրքիայի հետ, կբացի նոր դարաշրջան՝ ։ Պատկերացնել, որ ճանապարհը, որը կոչվելու է Դոնալդ Թրամփի անունով, կդառնա բարգավաճման ուղի : Պատկերացնել, որ միջազգային առևտուրը կկարողանա զսպել հայերի դեմ բնաջնջման քաղաքականությունը, որին մենք զոհ ենք դարձել սկսած XIX դարի օսմանյան կոտորածներից, 1915 թ․ ցեղասպանությունից մինչև Զմյուռնիայի (1922), Շուշիի (1920), Սումգայիթի (1988) և Բաքվի (1990) կոտորածները։

Վերադարձի իրավունք

Ինչպե՞ս հավատալ այս խոստումներին, անգամ ամենահզոր երևակայությամբ։ Տևական խաղաղությունն ավելի հավանական չէր լինի արդյոք, եթե ադրբեջանցի ղեկավարները պատժվեին իրենց ոճրագործությունների համար, եթե Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչները կարողանային իրացնել իրենց վերադարձի իրավունքը, եթե դադարեցվեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վերջապես՝ եթե Եվրոպան հրաժարվեր աչք փակելու բնակչության բռնի տեղահանման վրա, որը մարդկության դեմ գործած հանցագործություն է։

Խաղաղությունը անարդարության ընդունումը չէ։ Խաղաղությունը սպառնալիքին հնազանդվելը չէ։ Իրական խաղաղությունը, տևական խաղաղությունը ծնվում է մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգանքից։ Այն ծնվում է այդ իրավունքները պաշտպանելու համարձակությունից, նույնիսկ երբ այն դժվար է թվում։

Եթե քաղաքականությունն ունի ուժ՝ պատկերացնելով և վճռական գործողությամբ փոխել իրականությունը, ուրեմն համարձակվենք պատկերացնել իրավունքի հաղթանակը ուժի նկատմամբ, իրավունքի հաղթանակը վախի նկատմամբ, ժողովուրդների ինքնիշխանությունը՝ սպառնալիքների նկատմամբ։ Ահա այն ապագան, որ առաջարկում եմ միասնաբար պատկերացնենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930