Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի հարցից

Սեպտեմբեր 22,2025 12:32

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հստակ պատասխան չտվեց լրագրողներին հարցին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու կատարած այցի ժամանակ հայ գերիների վերադարձի հարցը քննարկվե՞լ է, որեւէ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է այս հարցում։

«ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին Ազգային անվտանգության ծառայությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ ԱԱԾ-ն անհրաժեշտության դեպքում ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նաեւ առաջիկայում ինքը այցելի Բաքու, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Այդպիսի որեւէ քննարկում չկա»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցել է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Այսօր Երեւանում անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը։ Իր ելույթում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց․ «Խորհրդանշական է, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել։ Խաղաղություն, որին տարածաշրջանի ժողովուրդները երկար են սպասվել»։

Նա հավելեց․ «Այժմ մենք աշխատելու ենք խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք դրա հարատեւությունը։ Խաղաղության ինստիտուցիոնալացման համար մեծ կարեւորություն ունի տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Այս նպատակով Հայաստանը ժամանակին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դրական արձագանքի է արժանացել Հայաստանի գործընկերների կողմից։ Միաժամանակ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծելու ենք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը, որը խաղաղություն եւ բարգավաճում կբերի տարածաշրջան»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930