Իսկ Հակոբ Կարապետյանը վստահեցնում է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել
Սեպտեմբերի 15-ին լրագրող, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ահազանգեց իր հանդեպ բռնության մասին՝ համոզմունք հայտնելով, որ այդ հարձակումը կապված է նախորդող օրերին իր եւ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանի միջեւ տեղի ունեցած վիրտուալ միջադեպի հետ, որը մանրամասնորեն ներկայացրել էր՝ նշելով, որ պաշտոնյայից ստացել է բազմաթիվ հայհոյանքներ:
Հաջորդ օրը Սիվիլնեթի հետ զրույցում Ավետիք Բաբայանը վստահեցրել էր, որ չի ճանաչում Հակոբ Կարապետյանին եւ նրա հետ չի ունեցել որեւէ շփում, այն էլ՝ նման տոնայնությամբ:
Նույն օրը՝ սեպտեմբերի 16-ին, քրեական վարույթ նախաձեռնվեց Հակոբ Կարապետյանի հանդեպ բռնություն կիրառելու դեպքի առիթով: Ինչպես նաեւ լրագրողական կազմակերպությունները դիմեցին քաղաքապետին պահանջով՝ ուսումնասիրել դեպքը եւ Ավետիք Բաբայանի վարքը:
Կարդացեք նաև
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, թեմային անդրադարձավ նաեւ ՄԻՊ-ը, իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «խիստ նկատողություն» հայտարարեց եւ արձակուրդ ուղարկեց Ավետ Բաբայանին: «Ֆակտորի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր. «Երևանի քաղաքապետը տեղյակ չի եղել Բաբայանի ու Կարապետյանի խոսակցություններից։ Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո մենք ճշտել ենք, և պարոն Բաբայանի կողմից ներկայացվել է զեկուցագիր։ Բաբայանը հանրային ծառայող է և վարքականոնի խախտում է թույլ տվել, ինչի հիմքով էլ խիստ նկատողության է արժանացել։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ծեծկռտուքը հաջորդել է խոսակցություններին և Հակոբ Կարապետյանը դրանք կապում է իրար հետ, Բաբայանի արձակուրդ գնալը պայմանավորված է նաև նրանով, որ ինքը չզբաղվի իր բուն ծառայողական պարտականություններով»,- պարզաբանեց Կոստանյանը։
Սեպտեմբերի 19-ին Ավետ Բաբայանն իր ՖԲ էջով հայտնեց , որ պատրաստվում է դատի տալ իր մասին «սուտ ու զրպարտություն տարածող անձանց եւ լրատվամիջոցներին»:
Իսկ արդեն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ավետ Բաբայանը ասուլիս էր հրավիրել իր փաստաբանի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի մասնակցությամբ:
Ասուլիսի ընթացքում նա քանիցս պնդեց, որ որեւէ կապ չունի Հակոբ Կարապետյանի հանդեպ իրականացված բռնության հետ: Նաեւ վստահեցնում էր, որ հայհոյանքների տարափը սկսել է Հակոբ Կարապետյանը եւ ոչ թե ինքը. «Ինչ վերաբերում է իմ եւ Հակոբ Կարապետյանի նամակագրություններին, տվյալ անձը ասում է, որ ես եմ իրեն հայհոյել, վիրավորել, իսկ ինքը փորձել է խոսակցությունները տանել ավելի կոռեկտ դաշտ: Դա իրականությանը չի համապատասխանում՝ ես քաղաքացուն պատասխանել եմ էն կոնտեքստով, որով ինքն ինձ վիրավորել է, որից անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ, եւ զարմանալով, թե ինչպես կարող է անձը դիմացինին հայհոյի՝ չճանաչելով, խնդրել եմ հեռախոսահամարը: Նորից եմ ստացել հայհոյանքների տարափ եւ ուղղակի դադարել եմ շփումը, այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվել է: Որից երկու օր հետո տվյալ անձը զանգում է իմ աշխատանքային ընդունարան, ասում, որ ես իրեն զանգեմ: Հասկանալով, որ գործ ունենք իմ սուբյեկտիվ կարծիքով՝ քաղաքական պատվերի հետ, չեմ էլ զանգում իրեն: Որից հետո անձը, տեսնելով, որ էլ չեմ զանգում, մեսենջեր հավելվածի միջոցով տասից տասնհինգ նամակագրություն է ուղարկում՝ հայհոյանքների տարափ՝ ինձ, իմ ազգականներին, իմ ընկերներին, իմ աշխատանքային թիմին: Էդ դեպքում նոր ես զանգում եմ՝ հասկանալու համար ի՞նչ ա կատարվում, իմ ձայնը լսելով, անջատում է: Այսքանով մեր շփումը սահմանափակվում է: Ես նրան երբեւեէ չեմ տեսել, չեմ առնչվել, չեմ ճանաչում: Մենք բռնությունը, այո, դատապարտում ենք, արդար քննադատությունը ընդունելի է, բայց էդ չի նշանակում, որ մարդը պիտի անցներ էս սահմանները»:
Նա նաեւ հիշեցրեց ժամանակին՝ քաղաքապետի մամուլի քարտուղար եղած ժամանակ, Հակոբ Կարապետյանի արած «խնչած ունեմ նրանց կարծիքի վրա» արտահայտությունը եւ համոզմունք հայտնեց, որ նա նույն տոնով է շփվում բոլոր իրեն ոչ հաճելի մարդկանց հետ: Ավետ Բաբայանը ասուլիսի ընթացքում քանիցս նշեց այս միջադեպի՝ քաղաքական պատվեր լինելու իր «սուբյեկտիվ կարծիքը» եւ հիշատակում էր Հայկ Մարությանին:
Ավետ Բաբայանը նաեւ սպառնաց դատի տալ բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք միակողմանի են ներկայացրել միջադեպը:
Ասուլիսի վերաբերյալ խնդրեցինք Հակոբ Կարապետյանի մեկնաբանությունը:
Նա ասաց. «Քննությունը կպարզի՝ նա կապ ունի իմ հանդեպ իրականացված բռնության հետ, թե ոչ: Բայց ես համոզված եմ որ իմ դեմ կատարված հարձակումն իր հետ եղած միջադեպի հետ անմիջական պատճառահետեւանքային կապ ունի: Իսկ ասուլիսում իր արած պնդումներն ընդունում եմ որպես պաշտպանվելու անհաջող փորձ, ինքը ոչ միայն անբարեխիղճ հանրային պաշտոնյա է, այլեւ կեղծավոր անձնավորություն, խեղաթյուրում է փաստերը: Իրեն հասցեագրված ցանկացած հայհոյանք, ցանկացած վիրավորական արտահայտություն եղել է բացառապես ի պատասխան իմ հասցեին իր կողմից հնչեցված հայհոյանքների: Ինքը կեղտոտ կերպով, ես չգիտեմ, թե ինչ ծնող է դաստիարակել նրան, ինչ դաստիարակություն է ստացել, ինչ աշխարհայացք է ձեւավորվել իր կյանքում, որ մարդը կարող է ընտանիքի, ընկերների, ծնողների հասցեին հայհոյանքներ հնչեցնել եւ այդքանից հետո գնալ եւ ասուլիսի տեղը նստել ասել՝ Հակոբը իմ հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Այո, ես հաստատում եմ, որ իր հասցեին հայհոյանքներ եմ հնչեցրել եմ, բայց արել եմ բացառապես ի պատասխան իր կեղտոտ վարքագծի: Խնդրում եմ հաշվի առնեք նաեւ, որ էդ մարդը մի շաբաթ առաջ ասում էր, որ ինձ հետ որեւէ առնչություն չի ունեցել, եւ հիմա խոստովանում է, որ առնչություն ունեցել է: Իր հնչեցրած հայհոյանքները ինձ մոտ կան ե՛ւ ձայնը, ե՛ւ լուսապատճենը: Ես, իհարկե, դրանք չեմ հրապարակի, որովհետեւ հայհոյանքը հրապարակելու իմաստ չեմ տեսնում, բայց, բնականաբար, ամեն ինչ քննությանը հանձնել եմ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ