ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը խորհրդարանական լսումների ժամանակ ընդգծեց Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական փաթեթի կարեւորությունը: Ի թիվս այլնի` նա նշեց, որ մարզային բոլոր դպրոցներն ապահոված են դպրոցական սննդով, տարրական դպրոցի բոլոր երեխաները պետբյուջեի հաշվին դպրոցում օգտվում են դպրոցական տաք սնունդ ծրագրից:
Խոսելով նաեւ ներառական կրթության մասին՝ նախարարի տեղակալն ասաց, որ այն ուղղակիորեն առնչվում է որոշակի խմբերի երեխաների կրթության իրավունքի ապահովմանը: «Ուզում եմ նշել, որ թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական, ինչպես նաեւ մասնագիտական կրթության ոլորտում սկսել ենք ներառական կրթության ուղղությամբ մի շարք աշխատանքներ իրականացնել: Այս պահին հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 9146 երեխաներ են սովորում, նախադպրոցական հաստատություններում՝ շուրջ 1800-ը, նաեւ 114 պատանիներ սովորում են մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններում: Իհարկե, այս թվերը չեն խոսում ամեն ինչ լավ լինելու մասին: Այս թվերը խոսում են ներառման մասին, մենք որակի, ներառականության, սովորողների մասնակցությունն ընդլայնելուն ուղղված մեծածավալ աշխատանքներ դեռ պետք է իրականացնենք»,- ասաց նախարարի տեղակալը:
Նա խոսեց նաեւ ազգային փոքրամասնությունների դպրոցների եւ կրթության իրավունքի, ազգային առանձնահատկությունները պահպանելու մասին: Անդրադարձ եղավ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին:
«Բռնությունը, բուլինգը այն երեւույթներն են, որոնք պետք է բացառել դպրոցում, բայց դրան հասնելու համար պետք է իրականացվեն մեծածավալ աշխատանքներ: Հաշվի առնելով, որ նախորդ տարվա ընթացքում մենք բուլինգի մի շարք դեպքեր ունեցանք, որոնք եւս մեկ անգամ շատ ցցուն ցույց տվեցին, որ մեր ուսումնական հաստատություններում դեռեւս շարունակում են ակտուալ մնակ բռնության դեպքերը, այս ուսումնական տարին մենք հռչակել ենք անվտանգ եւ ապահով կրթական տարի: Ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալի միջոցառումներ են պլանավորված, որպեսզի դպրոցներում իրականացվի այնպիսի աշխատանք, որ կարողանանք ուսումնական հաստատություններում էապես նվազեցնել բռնության եւ բուլինգի դրսեւորումները»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ