ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը մինչեւ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելն աշխատանքային կարգով քննարկվել է տարբեր ձեւաչափերով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ հատկապես վերջին հինգ տարիներին կիբեռհարձակումները, կիբեռմիջադեպերն ու կիբեռանվտանգության ոլորտում առկա մարտահրավերները ստիպել են հնարավորինս արագ առաջարկելու ներկայացվող կարգավորումները: Զեկուցողի խոսքով «Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը չի նշանակում առկա խնդիրների վերացում կամ ոլորտի ամբողջական կարգավորում. դրան պետք է հաջորդի շուրջ երեք տասնյակ ակտերի ընդունում: Նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում ապահովել կիբեռանվտանգ միջավայր:
Նախարարը նշել է, որ առաջարկվում է ստեղծել նոր՝ ինքնավար տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որը կստանձնի պետական կառավարման համակարգի կիբեռպաշտպանության գործառույթները, կհամակարգի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության սահմանած քաղաքականությունը: Հանձնաժողովը կազմված է լինելու 5 անդամից՝ նախագահ եւ 4 անդամ: Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակելու է Ազգային ժողովը:
Մարմինն իրականացնելու է մի շարք կարգավորող իրավասություններ, մասնավորապես, հանրային տեղեկությունների հասանելիության եւ կառավարման մասով. պետական թվայնացման լուծումների տեղակայում, կառավարում եւ սպասարկում, 24/7 ռեժիմում անխափան աշխատանքի ապահովում, միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների, թվային պահոցների եւ համակարգերի մշտադիտարկում եւ անվտանգության ապահովում, ժամանակակից ամպային ենթակառուցվածքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների ներդրում, որը նաեւ հասանելի կլինի մասնավոր հատվածի համար:
Կարդացեք նաև
«Մենք սրանով նոր ճարտարապետություն ենք առաջրկում ներդնել մեր կառուցվածքներում: Այն պետք է լինի գրագետ տվյալների, պաշտպանված շտեմարանների հիման վրա, որը պարզապես կնվազեցնի գայթակղությունները կիբեռհարձակումների նմանօրինակ կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունների նկատմամբ»,- ասել է Մխիթար Հայրապետյանը: Նա տեղեկացրել է, որ այսօր կիբեռխոցելիության առումով Հայաստանի դիրքերը լավատեսություն չեն ներշնչում. այն վերաբերում է ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներին:
Ըստ զեկուցողի՝ այս օրենսդրությունը կարեւորագույն եւ առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության եւ ազգային պետական շահերի պաշտպանության հարցում:
Հաջորդ առաջարկվող բարեփոխումը վերաբերում է տվյալների ոլորտում քաղաքականությանը, որի նպատակն է սահմանել մեկանգամյա տվյալի տրամադրում՝ պետական եւ մասնավոր հատվածի համար:
Նախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը նշել է, որ օրենքը կարեւոր է անվտանգության սպառնալիքների չեզոքացման կամ ռիսկերի նվազեցման տեսանկյունից: Ներդրվող համակարգերը, ըստ հարակից զեկուցողի, բարձրացնելու են Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի ինդեքսը: Նա նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի օրական առնչվում է հազարից ավելի համակարգերի հետ, եւ փաթեթը կոչված է հեշտացնելու քաղաքացու կյանքը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ քննարկման տեւողությունը սահմանելով երեք ժամ:
Օրակարգում ընդգրկված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
ԱԺ