Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի պնդումը միայն մասնակիորեն է ճիշտ. ինչպե՞ս են ստուգում անձնագրերը ԱՄՆ-ում, Բրիտանիայում և ԱՄԷ-ում. Civilnet

Սեպտեմբեր 22,2025 18:06

CivilNetCheck. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ մի շարք երկրներում սահմանային անցակետերում անձնագրերի ստուգումն իրականացնում են ոչ թե սահմանապահները, այլ սարքերը։

«Այսօր բազմաթիվ երկրներում՝ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Արաբական Էմիրություններում, այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը. այդ երկիր մտնող անձանց անձնագրերը ստուգում է գործիքը՝ սարքը, սարքավորումը»,- պնդեց Փաշինյանը։

Փաշինյանի թվարկած երկրներում սահմանը հատելու համար իսկապես կիրառվում են ավտոմատացված սարքեր։ Սակայն այս համակարգերը հասանելի չեն բոլոր երկրների քաղաքացիներին և նախատեսում են մի շարք նախապայմաններ։

Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրություններում գործում է «Խելացի դարպաս» ծառայությունը (Smart gate service), որը, սակայն, հասանելի չէ բոլորին։ Ծառայությունից չեն կարող օգտվել այն երկրների քաղաքացիները, որոնք չունեն կենսաչափական անձնագիր (biometric passport) կամ չեն կարող ժամանման պահին վիզա ստանալ (visa on arrival)։ Ժամանման պահին վիզա ստանալու իրավունք ունեն տասնյակ երկրների քաղաքացիներ, սակայն ոչ բոլոր երկրներն են ընդգրկված այդ ցուցակում։ Նախապես պարտադիր է գրանցվել և ստանալ համակարգում գրանցվածի կարգավիճակ։ Անձի ինքնությունը հաստատելու համար սարքը օգտագործում է դեմքի ճանաչման տեխնոլոգիաները։ Այս ծառայությունը գործում է ԱՄԷ-ի միջազգային խոշոր օդանավակայաններում միայն, ավելի փոքր օդանավակայաններում դրա կիրառման վերաբերյալ #CivilNetCheck-ը տեղեկություններ չի գտել։

ԱՄՆ

ԱՄՆ մուտք գործելիս ուղևորների մեծ մասը ենթարկվում է ԱՄՆ Սահմանային և մաքսային ծառայության (CBP) աշխատակցի ստուգմանը։

Սակայն գործում են արագացված մուտքի մի շարք ծրագրեր, որոնք պահանջում են նախնական գրանցում, վճար, կամ էլ դրանք նախատեսված են միայն որոշ երկրների քաղաքացիների համար։

Տեղեկատվության բաց աղբյուրներում #CivilNetCheck-ը չի գտել որևէ գործող ծրագիր, որը հնարավորություն կտա ԱՄՆ ժամանող բոլոր օտարերկրացիներին միայն սարքի միջոցով ստուգվելուց հետո հատել սահմանը։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի դեպքում նույնպես հիմնականում մուտքը կատարվում է սահմանապահ ծառայության աշխատակցի ստուգմամբ:

Այստեղ, սակայն, գործում է ավտոմատացված անձնագրային հսկողության՝ ePassport (ePassort gates) ծառայությունը, որից կարող են օգտվել Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ (Հայաստանն այդ ցանկում ներառված չէ)։ Այնուամենայնիվ, ePassport Gates-ը մշտապես վերահսկվում է սահմանապահ աշխատակիցների կողմից. եթե սարքը չի կարողանում նույնականացնել ուղևորին, ստուգումն իրականացնում է սահմանապահը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե որոշ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, միայն մասնակիորեն է ճիշտ. նման համակարգեր իսկապես կան, սակայն դրանք հասանելի չեն բոլորին և շատ դեպքերում դեռ պահանջում են սահմանապահի միջամտություն:

Շուշան Ստեփանյան,

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930