Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց «Գյումրու օր» տոնակատարությունը նշելու հարցը։
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հարցը չդրեց քվեարկության ու օգտվելով օրենքով իրեն ընձեռնված հնարավորությունից՝ որոշեց, որ այն պիտի նշվի կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ։
ՔՊ խմբակցության անդամները ելույթներ ունեցան՝ հարցնելով, թե արդյո՞ք դա քաղաքական դիվիդենտներ շահելու առիթ չի լինի Կարապետյանների համար, որին ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ թույլ չեն տա նման բան։
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանն ասաց․ «Պարոն Ղուկասյան, մենք անընդհատ խոսում ենք ավագանու ինստիտուտի կայացման մասին, ու մեր գործընկերները ևս դրա կողմնակիցն են, բայց համացանցում անհատ հայտարարություն է անում համայնքապետարանի անունից և որոշում է, թե ինքը օրը ինչպես պիտի նշի, երբ պիտի լինի, որ ժամին։ Այ, սա է անընդունելի է, սա նշանակում է, որ համայնքապետարանը տեղում չէ, և չի կարողանում հասարակ միջոցառում կազմակերպել։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Գյումրու օր» տոնակատարությանը, այստեղ ավագանու կազմում կան մարդիկ, ովքեր տուրիզմի ջատագովներ են և անընդհատ շեշտում են իրենց կարևորությունն այս ոլորտում և ներդրած ջանքերը, ինձ հետաքրքիր է՝ իրենք ինչպես են համաձայնել, որ նախորդ նիստի ընթացքում հարցը դուրս գա օրակարգից, որովհետև տարբեր տեսակի միջոցառումներ, փառատոներ, համերգներ կազմակերպելը դա տուրիստներ բերելու ևս մեկ բաղադրիչ է։
Սա պարզ տրամաբանություն է, և եթե մենք տարբեր պատճառներով նման միջոցառումները չեղարկում ենք, ինչպե՞ս ենք ապահովում տուրիստների հոսքը, որովհետև տուրիստներ են գալիս քաղաք, շահում են մարդիկ, սպասարկման օբյեկտները, տարբեր ծառայություններ՝ տաքսու վարորդներ և այլն, և այլն, և քաղաքում ընդհանուր աշխուժության մթնոլորտ է լինում։
Իհարկե, մենք կողմ ենք և վերահաստատում ենք, որ «Գյումրու օր» տոնակատարությունը պիտի կայանա, ձեր իրավունքն է, կարող եք հարցը հանել, բայց ինչպես պարոն Սարիկը Մինասյանը նշեց, մեր դիրքորոշումը հստակ է․ Գյումրու համայնքապետարանը պիտի այս միջոցառումը նախաձեռներ և ոչ թե թույլ տար, որպեսզի անհատները ժամանակից առաջ ընկնեին ու հայտարարություն տարածեն, սա կարծում եմ՝ խոսվում է մեր տեղում չլինելու մասին»։
«Տեղում չլինել» արտահայտությունը դուր չեկավ Վարդան Ղուկասյանին, որն արձագանքեց․ « Մենք էնքան տեղում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաք էդքան տեղում չէ, մինիստրություններն էլ էդքան տեղում չեն, ոնց որ էստեղ նստածներս։ Երկրորդ հերթին պետք է մի հատ ակնոցները հանել ու ցանկություն հայտնել, որ իրոք տեղում ենք, աղջիկ ջան․․․»։
Քնարիկ Հարությունյանին էլ դուր չեկավ իր հետ «աղջիկ ջանով» խոսելը, նա ասաց․ «Աղջիկ ջան չէ, պարոն Ղուկասյան, ես ձեզ հետ ազգանունով եմ խոսում»։ Վարդան Ղուկասյանը շարունակեց․ «Լավ, դաժե պետք էլ չէ, որ էդպես ասեմ, ես ջերմ մարդ եմ, դրա համար ասացի, հասկանալի՞ է, պիտի ուրախ լինեք, որ ես էդ խոսքը ձեզ ասել եմ»։
Վարդան Ղուկասյանը նաև հայտարարեց, որ Համո Սահյանին ու նկարիչներին նվիրված միջոցառումներ էին անցկացնելու,որը ևս հանել էին ավագանու նիստի օրակարգից, նա տեղեկացրեց, որ ինքն ու իր ընկերն են հանդես գալու որպես բարերարներ, այդ միջոցառումներն իրականություն են դարձնելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ