ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«ՔՊ-ական բոլուկը կրկին բարբաջում է 44-օրյա պատերազմի շուրջ՝ մոռանալով տասնյակ փաստերն ու փաստարկները, որոնք ապացուցում են, որ այդ պատերազմը սարքել է եւ բերել է հենց իրենց ղեկավարը։
Ահա այդ պատերազմը կանխելու հնարավորության մասին մի քանի իրական փաստ։
Քանիցս արձանագրել ենք, որ 44-օրյա պատերազմի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական, բարոյական:
Կարդացեք նաև
Քանիցս խոսել ենք այն մասին, թե ինչու եկավ այս պատերազմը, ինչու այդ պատերազմը Հայաստանի համար հենց այսպիսինը եղավ՝ երկար, արյունալի և մենակության մեջ:
Կրկին հակիրճ թվարկեմ, թե ինչպես կարելի էր խուսափել այսպիսի պատերազմից, ընդգծելով ոչ թե տեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից տարբեր ուղղություններով 2018-ից սկսած վարվող դավադիր քաղաքականության փաստերը.
- Չհրաժարվել մեր թողած բանակցային փաթեթից, հայտարարելով, որ որ գործընթացը սկսում է սեփական կետից:
- Բանակցային բովանդակության մասին տեղեկանալ ոչ թե Իլհամ Ալիևից, այլ հայկական կողմի բանակցողներից:
- Փաստացի չհրաժարվել կամ հարցականի տակ չդնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքները, ինչը քանիցս հրապարակավ արել է Նիկոլ Փաշինյանը:
- Ինքդ քեզ գժի տեղ չդնել, հատկապես, երբ գործ ունես աշխարհի գերտերությունների հետ, որոնցից մեծապես կախված է քո ժողովրդի անվտանգությունը և Արցախի հեռանկարը:
- Ցինիկ հայտարարություններով և կոնկրետ վնասակար գործողություններով չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:
- Սեփական քաղաքական վերարտադրության համար Ալիևին սկուտեղի վրա չմատուցել 2016-2017 թթ. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք իրացման դեպքում պատերազմները կանխելու հզոր մեխանիզմներ էին ստեղծվում, իսկ չիրացման դեպքում՝ Ադրբեջանի գլխին կախված սուր էին բանակցությունների ընթացքում: Հիշեցնեմ նաև, որ այս դավաճանական քայլի Փաշինյանը դիմել է Դուշանբեում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2018-ի իշխանափոխությունից հետո այլևս դադարեցին պահանջել Ադրբեջանից այդ պայմանավորվածությունների կատարումը՝ հայկական կողմի համաձայնությամբ:
- 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների նախարարական համաժողովի շրջանակներում չընդունել հնգակողմ հայտարարություն (3 համանախագահ + Հայաստան+ Ադրբեջան), որով հայանպաստ Հիմնարար սկզբունքների փոխարեն կարգավորման մեջ ներմուծվեցին «արդար և տևական խաղաղ կարգավորման», մեղմ ասած, անհասկանալի սկզբունքը:
- Հարբած վիճակում ֆեյսբուքում չմոգոնել Արցախյան հարցի «նոր, Մյունխենյան սկզբունքներ», որոնք հայկական դիվանագիտության մահացու խայտառակությունը դարձան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աչքերում:
- Չանել անպատասխանատու, պոպուլիստական հայտարարություններ, որոնք հմտորեն կօգտագործվեն հակառակորդի կողմից և էլ ավելի մեծ խզում կառաջացնեն համանախագահ երկրների և Հայաստանի միջև, արդարացում ծառայելով ադրբեջանական ագրեսորների համար:
- Ունենալով Արցախի խնդիրը՝ «ժողովրդավարությունը» չհռչակել Հայաստանի արտաքին քաղաքականության այցեքարտ:
- Չնսեմացնել Արցախի սուբյեկտայնությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ընդհուպ 2020 թվականի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ երկրորդ հայկական պետության գաղափարից ու փաստից հրաժարումը:
- Չպառակտել հասարակությունը, միասնական հայրենասիրական ոգի պահել թե բանակում, թե հասարակության մեջ:
- Չանտեսել Թուրքիայի հակահայ դերակատարությունը, երկրի անվտանգային միջավայրի գնահատականները չթողնել մակունցներին և ախքերին:
- Պոպուլիզիմից և ապիկարությունից ելնելով՝ չփոխել ՀՀ Զինված ուժերի արդիականացման ծրագիրը, գնումների պլանը, ժամանակակից ՀՕՊ միջոցների և ԱԹՍ-րի փոխարեն գնելով թանկ ու չզինված, կամ հին ու ներկած խաղալիքներ:
- Չվարկաբեկել բանակը, զինված ուժերի հրամանատարական կազմը, Արցախյան առաջին պատերազմի հերոսներին:
- Բանակը չհասկանալու հետևանքով և կամային որակներով, պատերազմ անցած հրամանատարների՝ իր դեմ հնարավոր ըմբոստությունից վախենալու պատճառով բանակի փորձառու հրամանատարներին չփոխարինել հարմարվողականներով՝:
- Չնսեմացնել Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, այն ստորադասելով «թավշյա հեղափոխությանը»:
- Հետևել հակառակորդի գործողություններին, ֆիքսել, որ թուրքական բայրաքթարները գնելու որոշումը Ադրբեջանը կայացրել է 2020 թվականի ապրիլ-մայիսին, անհապաղ ձեռնարկել համարժեք հակաքայլեր:
Այսքանը կապիտուլյանտների կողմից 2018-ից գործած աններելի մեղքերի, սխալների և դիտավորությունների մի մասն է, որոնք չգործելու դեպքում, կամ հակառակն անելու դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի երկարաժամկետ և արյունալի պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի անդառնալի և ծանր կորուստներով պատերազմից, հնարավոր էր 44 պատերազմական օր չմնալ միայնակ, չունենալով միջազգային հանրության, կամ ռազմավարական դաշնակցիդ ուղղիղ ու հստակ աջակցությունը»: