Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների և նորարարների համար գալ Հայաստան, ծանոթանալ մեր տեխնոլոգիական էկոհամակարգին». ԲՏԱ նախարարի տեղակալ

Սեպտեմբեր 22,2025 23:30

Սեպտեմբերի 22-ին Ծաղկաձորում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ներուժ 6.0» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը` մեկնարկելով վեցօրյա ամփոփիչ միջոցառումները:

Ողջունելով մասնակիցներին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Ներուժ»-ը ոչ միայն նորարար գաղափարների հարթակ է, այլև կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև՝ միավորելով համահայկական տեխնոլոգիական միտքը, գիտելիքն ու փորձը։

«Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների և նորարարների համար գալ Հայաստան, ծանոթանալ մեր տեխնոլոգիական էկոհամակարգին, մասնակցել ինտենսիվ ուսումնական և փորձագիտական գործընթացների ու ներկայացնել սեփական գաղափարները: Այս տարի մասնակցության ցուցանիշները բավականին բարձր են թե՛ դիմումների քանակով, թե՛ երկրների և թիմերի բազմազանությամբ»։

Իր խոսքում` նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև Plug and Play միջազգային հեղինակավոր աքսելերատորին, որը երկրորդ տարին անընդմեջ իր փորձառու մենթորներով ու մասնագիտական ներուժով նպաստում է ծրագրի որակի և ազդեցության բարձրացմանը։

Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նաև նախարարության կողմից իրականացվող ռազմավարական ուղղությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, թիրախային ներդրումների խթանմանն ուղղված օրենսդրական բարելավումները, միջազգային ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման արդյունքները, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան փոխըմբռնման հուշագրի շրջանակում նախատեսվող նոր հնարավորությունները, մասնավորապես` կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտներում։

«Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որն արդեն վեցերորդ անգամ համախմբում է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափներին։ Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը, ուժեղացնել ստարտափ էկոհամակարգը, խրախուսել մասնագիտական հայրենադարձությունը և ամրապնդել երկրի դիրքերը գլոբալ նորարարական քարտեզի վրա։

«Ներուժ 6.0»-ին մասնակցելու համար այս տարի ստացվել է 68 հայտ՝ 18 երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Սեպտեմբերի 22–27-ն ընտրված  32 ստարտափ կմասնակցի վեցօրյա ինտենսիվ միջոցառումների՝ ներառյալ դասընթացներ, վարպետության դասեր, ելույթների նախապատրաստում, անհատական մենթորություն, միջազգային հեղինակավոր աքսելերացիոն ծրագիր, մշակութային այցելություններ և ցանցային կապերի ձևավորման հնարավորություններ։

«Ներուժ»-ը կամուրջ է Հայաստանի և սփյուռքի տեխնոլոգիական համայնքների միջև՝ ստեղծելով հարթակ, որտեղ սփյուռքահայ նորարարները կարող են կառուցել և զարգացնել իրենց ստարտափները հենց Հայաստանում։

 

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930