Լրահոս
Օրվա լրահոսը

Գործ ունենք ձևական, մեկ կուսակցության (ավելի կոնկրետ՝ մեկ անձի) քաղաքական շահերով պայմանավորված նախաձեռնության հետ. «Փաստ»

Սեպտեմբեր 23,2025 11:22

Վերջերս Հայաստանում ի հայտ է եկել «չորրորդ հանրապետության» հռչակման գաղափարը, որն իշխանությունների կողմից ներկայացվում է իբրև քաղաքական ու սահմանադրական նոր իրականության սկիզբ։ Հենց դրան էր նվիրված Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ համաժողովի ընթացքում ունեցած ելույթի մեխը։ Սակայն այս հռչակումը, ի տարբերություն նախորդ հանրապետությունների ծնունդին ուղեկցող հիմնարար փոփոխությունների, չունի այնպիսի խորքային հեղափոխական կամ ճգնաժամային դրդապատճառներ, որոնք կարդարացնեին նոր համակարգի մեկնարկը։ Այստեղ գործ ունենք ձևական, մեկ կուսակցության (ավելի կոնկրետ՝ մեկ անձի) քաղաքական շահերով պայմանավորված նախաձեռնության հետ, որի իրական նպատակն առավելապես արտաքին ճնշումների պայմաններում Երրորդ հանրապետության ինստիտուցիոնալ հիմքերը, արժեքային համակարգն ու պատմական իրավահաջորդությունը վերանայելն է։

Բայց ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում «չորրորդ հանրապետության» գաղափարն իր էությամբ վտանգավոր է, քանի որ այն գործնականում ենթադրում է Երրորդ հանրապետության՝ Անկախության հռչակագրի, սահմանադրական հիմքերի, Արցախի հարցում ազգային օրակարգի և Ցեղասպանության ճանաչման պահանջի ժխտում կամ նսեմացում։ Պարզ է, որ նման օրակարգի ներմուծումը առաջին հերթին հող է նախապատրաստում նոր Սահմանադրության ընդունման համար, որի արդյունքում դեն կնետվեն Անկախության հռչակագրում արտացոլված արժեքները՝ խաթարելով պետության իրավական ու պատմական շարունակականությունը։

Այս քայլն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դրդապատճառներ։ Արտաքին դրդապատճառներն այն են, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կոնկրետ պահանջ է դրվել փոխել ՀՀ Սահմանադրությունը, վերացնել այն դրույթները, որոնք կապված են պատմական արդարության, ազգային ինքնորոշման և հայկական պետականության անվտանգության հետ։ Ըստ էության, թուրքադրբեջանական տանդեմի նպատակն է դրա միջոցով թուլացնել հայկական պետականությունը, հայ ժողովրդին զրկել իր արժեհամակարգից և պատմական արմատներից, որպեսզի հայությունն ի վիճակի չլինի ոտքի կանգնել ու չդառնա գործոն տարածաշրջանում։ Այս տեսանկյունից նոր հանրապետության ձևական հռչակումը առաջին հերթին պետք է ընկալվի որպես Երրորդ հանրապետության ժառանգության և հայկական պետականության ինստիտուցիոնալ հիմքերի քանդում, ինչը բացում է արտաքին ճնշումների, ազգային շահերի զիջման և պետականության վարկաբեկման դուռը։

Իսկ ներքին դրդապատճառներն այն են, որ իշխանությունները ձգտում են ազատվել նախկին քաղաքական ու իրավական պարտավորություններից, սեփական իշխանությունը հիմնավորել նոր օրակարգի վրա և ձևավորել այնպիսի ինստիտուցիոնալ կառուցվածք, որը թույլ կտա խուսափել անցյալի պատասխանատվությունից։

Ստացվում է, որ գործընթացն իր մեջ համակողմանի սպառնալիք է ներառում ոչ միայն պետականության, ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ինքնության և իրավական շարունակականության, այլև հասարակական համաձայնության և ներքաղաքական կոնֆիգուրացիայի տեսանկյունից։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930