Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ Ադամ Բարրոյի նվերը Վարպետի անունը կրող գրադարանին

Սեպտեմբեր 23,2025 14:02

Տարեսկզբին մեկնարկել են եւ դեռևս շարունակվում են տարբեր ձևաչափերով բազմաթիվ միջոցառումները՝ ի պատիվ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի:

Aravot.am-ն էլ հնարավորինս անդրադառնում է դրանց, նույնիսկ ներկայացրել ենք մինչ օրս անտիպ էջեր Վարպետի կյանքից:

Այսօր անդրադառնանք օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած միանգամից երեք իսահակյանական հոբելյանների առիթով երեկոյին: Այս տարի Իսահակյանի ծննդյան հոբելյանին զուգահեռ լրանում է Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի 90 և գրադարանը վարպետի անվամբ անվանակոչելու 70-ամյակները:

Ինչպես և կանխատեսելի էր՝ այս իրադարձություններով պայմանավորված՝ գրադարանը սկսել և շարունակում է հանդիսությունների շարք, որոնց ընթացքում շնորհավորական խոսքեր են հնչեցրել գրողներ, մտավորականներ, ընթերցողներ: Մի փոքր շեղվելով բուն նյութից, փաստենք, որ գրադարանը վաղուց համարվում է իրական մշակութային օջախ, մի յուրօրինակ «Վերնատուն», որտեղ պարբերաբար հավաքվում են արվեստի և մշակույթի տարբեր ոլորտների  (գրականություն, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, քանդակագործություն և այլն) անվանի գործիչներ: Իսկ երբ ժամանակին մշակույթի նախարարությունը գործում էր որպես մեկ միավոր, արվեստագետները կեսկատակ-կեսլուրջ ասում էին, թե Իսահակյանի գրադարանը ամբողջ մի նախարարության գործառույթ է իրականացնում:

Ասվածին հավելենք, որ գրադարանն արդեն շուրջ երեք տասնամյակ կազմակերպում և անցկացնում է «Պատանի և երիտասարդ ստեղծագործողների ու կատարողների» մրցույթ փառատոններ, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի հետ համատեղ՝ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը, գրքերի շնորհանդեսներ և այլն: Եվ այս ամենը զուգահեռելով իրենց հիմնական աշխատանքին՝ մշակում նոր ձևեր և մեթոդներ, ստեղծում գրադարանային ֆոնդերի համալրման, հարստացման համակարգ:

Հիմա ներկայացնենք կամերային երաժշտության տանը կայացած հոբելյանական երեկոն՝ Ավ.Իսահակյանի անվան գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Բարսեղյանի փոխանցմամբ.

«Մեզ համար հաճելի անակնկալ էր՝ գրադարանի երբեմնի «Երիտասարդ կատարողների մրցույթի» հաղթող՝ ֆրանսաբնակ օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյան) նախաձեռնությունը, ով երախտագիտության խորը զգացումով մեզ՝ գրադարանավարներիս համար նախաձեռնել էր համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Դահլիճը լեփ լեցուն էր: Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված երգերով, իրենց հրաշալի կատարումներով հանդես եկան ճանաչված երգիչ, երգչուհիներ և «Տաղարան» համույթը՝ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Երեկոն համեմվեց Վարպետի կերպարով (դերասան Գրիգոր Բաղդասարյան), ով հանդիսատեսին հրամցրեց Իսահակյանի իմաստուն մտքերը: Այնուհետև մեզ՝ գրադարանավարներիս, համերգային սրահում հաճելի անակնկալ էր սպասվում: Ադամ Բարրոն ևս մեկ հաճելի պահ պարգևեց՝ նվիրելով Վարպետի բրոնզաձույլ կիսանդրին: Նա ներկայացրեց քանդակագործ Հարություն Չալիկյանին, ով, ոգեշնչված Իսահակյանի ստեղծագործություններով, Բարրոյի հովանավորությամբ կերտել էր քանդակը, որը հանդիսավորությամբ բացվեց մասնակիցների ջերմ ծափողջյունների ներքո: Ի դեպ, կիսանդրին հանդիսատեսի կողմից արժանացավ բարձր գնահատականի և այսօր զարդարում է գրադարանի ճեմասրահը: Մենք՝ գրադարանավարներս, ապրեցինք թե հպարտության, թե գնահատանքի խորը զգացումներ, որոնք մեզ կուղեկցեն և կոգևորեն մեր ամենօրյա աշխատանքում: Շնորհակալ ենք գնահատանքի համար…»:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Կամերային երաժշտության տանը կայացած երեկոյից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930