Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման ներդրումը

Սեպտեմբեր 23,2025 13:48

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ողջունելով Մարիամ Լաշխինին և պատվիրակության անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Նա ընդգծել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում առկա է լայնածավալ համագործակցության ներուժ, որը կարող է էական դեր ունենալ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում։

Խոսելով կրթության ոլորտում համագործակցության խորացման մասին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման ներդրումը, ինչպես նաև վրացերեն դասավանդող մասնագետների պատրաստման և համատեղ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Այս քայլերը, ըստ նախարարի, հնարավորություն կտան ավելացնելու վրացերեն դասավանդող դպրոցների թիվը Հայաստանում։ Միաժամանակ, կարևորվել է համատեղ աշխատանքը Վրաստանի հայալեզու դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասավանդման զարգացման, ինչպես նաև դասագրքերով ապահովման ուղղությամբ։

Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև ոլորտային համագործակցության մեծ ներուժը։ Նա առաջարկել է դիտարկել հատկապես գիտության ոլորտում կապերի ընդլայնումը՝ համատեղ իրականացնելով միջազգային կրթական և հետազոտական ծրագրեր, այդ թվում՝ «Erasmus+»-ի և «Horizon Europe»-ի շրջանակում։ Գիտության և հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում կողմերը կարևորել են Երևանի պետական համալսարանում գործող Վրացագիտության կենտրոնի գործունեությունը։ Միաժամանակ, անդրադարձ է եղել Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեությանն ու դրա զարգացման հեռանկարներին: Կողմերը կարևորել են նաև միջպետական կրթաթոշակային ծրագրի իրականացումը, որի շրջանակում փոխանակման հիմունքներով տրամադրվում է 10 մագիստրոսական կրթաթոշակային տեղ, այդ թվում՝ հայագիտության և վրացագիտության ոլորտներում։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանում և Վրաստանում երիտասարդական համաժողովների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են երկու երկրների երիտասարդների միջև երկխոսության և համագործակցության ամրապնդմանը, նոր նախաձեռնությունների իրականացմանը և բարեկամական կապերի խորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930