Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ նոր էջը ենթադրում է նոր հայ ժողովուրդ՝ զուրկ հայկական էության համար անհրաժեշտ հիշողությունից, ազգային արժեքներից և արժանապատվությունից. ԱԺԲ

Սեպտեմբեր 23,2025 14:34

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը դատապարտում է կոլաբորացիոն կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «4-րդ հանրապետություն» հիմնելու վերաբերյալ հայտարարությունները։

Բոլշևիկյան լավագույն ավանդույթների համաձայն՝ նեո-բոլշևիկյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին կատարված հայտարարությունները նախորդ 7 տարիների ընթացքում բազմաթիվ պատերազմներ բերած և անխտիր բոլորում պարտված աղետաբեր խմբակի համար փորձ է ամեն ինչ նոր էջից սկսելու և իշխանության բռնազավթումը Հայաստանում շարունակելու համար։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, այդ նոր էջը ենթադրում է նոր հայ ժողովուրդ՝ զուրկ հայկական էության համար անհրաժեշտ հիշողությունից, ազգային արժեքներից և արժանապատվությունից։

Այս հրեշավոր ծրագրի իրագործման կարևոր հանգամանք է 2026 թ.-ի ընտրություններին հասնելը առանց հայկական քաղաքական դաշտում ազգային ուժերի գոյության։ Ազգային-ժողովրդավարական բևեռի վերջին շրջանի շոշափելի հաջողությունները ԱՄՆ-ում և Եվրոպայում իրականացվող լոբբինգի ուղղությամբ, մեր լոբբինգի ֆինանսավորման բազմապատիկ աճը և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությանն ուղղված կարևոր նախաձեռնությունները չէին կարող չանհանգստացնել գործող կոլաբորացիոն ռեժիմին։ Միաժամանակ, Երևանում Բևեռի խորհրդի մասնակցությունը ազգային գաղափարներին չդավաճանող անհատների և կազմակերպությունների հետ Կլոր սեղան-քննարկումներին, որոնց արդյունքում առաջանում են միասնական օրակարգով դիմադրության հնարավորություններ, է՛լ ավելի են հունից հանում թշնամուն։

Որպես արձագանք՝ Հայաստանը բռնազավթած համակարգը ակտիվացրել է իր հին ու նոր փողոցային ակտիվիստ-սադրիչներին, յութուբյան հարթակում Հայաստանը բազմիցս ազատագրած «հագած-շպարված ինքնակոչ հրամանատարներին», որի նպատակն է արժանապատվությանը հասցված վիրավորանքներով ֆիզիկական պատասխան հրահրելն ու ձերբակալություններ իրականացնելը՝ Բևեռին իր քաղաքական առաքելությունից շեղելու և որպես «քրեական հանցագործների» համախումբ ներկայացնելու համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը, վստահելով իր գաղափարակիցների և հետևորդների բարձր գիտակցությանը, այնուամենայնիվ ավելորդ չի համարում նախազգուշացնել՝ չներքաշվել ռեժիմի սադրանքների մեջ, պահպանել սառնասրտություն և միշտ հիշել, թե ինչպիսի զոհողությունների գնով ենք Հայաստանում ու երկրից դուրս շարունակում մեր առաքելությունը ի նպաստ մեր ժողովրդի։ Առկա հարձակումներն իրենց բնույթով նորություն չեն. երկար տարիներ Բևեռը ենթարկվել է նման հարձակումների և շարունակելու է իր պայքարը ի հեճուկս դրանց պատվիրատուների ու կատարողների։

Առաջիկայում կիրազեկենք թե՛ ներսի, թե՛ դրսի օրակարգերում տեղի ունեցող առաջընթացների մասին։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930