«Կոռուպցիայի հետ մեր չհաշտվելը օգտագործվում է մեր դեմ։ Հեսա հերթական քաղբանտարկյալները կունենանք։ Հիմա էլ ԱՆԻՖ-ի տնօրենը հենց էն պահին, երբ հայտնվեց միջազգային հետախուզման մեջ, հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել»,- այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող Դավիթ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր եւ իր կառավարության խայտառակ սխալների ևեւ թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց․ «Լավ է՝ չի ֆայմել 4 ամիս առաջ այդ հայտարարությունն անի, որ միջազգային կազմակերպությունները հերթով իրեն ճանաչեն քաղբանտարկյալ։ Լավ, ինչքա՞ն կարելի է»։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցերին՝ Փաշինյանն ասաց․ «Ե՞րբ է Հայաստանում եղել, որ գործող նախարարը քրեական գործով անցնի ու դատապարտվի, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը․․․ Ընդ որում՝ ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, որովհետեւ դատավարություն պետք է լինի, վճիռներն օրինական ուժի մեջ պետք է մտնեն։ Ես պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանում 2018 թվականից համակարգային կոռուպցիան վերացել է եւ մինչեւ այսօր չկա։ Եթե համակարգային կոռուպցիա լիներ, էդ ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետք է ունենայի։ Իսկ կոռուպցիա, կոռուպցիոն ինչ-որ դրսեւորումներ, ցավոք, աշխարհի շատ երկրներում կան»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Նա անդրադարձավ նաեւ ՔՊ համաժողովին․ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր համաժողովն անում է ուղիղ եթերում, ընտրություններն անում է ուղիղ եթերում։ Վեցերորդ համաժողովից հետո Հայաստանում 7 ամիս աղմուկ է՝ ՔՊ վարչության ընտրությունները, հերթական սկանդալը եւ այլն։ Հիմա երկու օր առաջ ենք ունեցել համաժողով, քվեաթերթիկները, ամեն ինչը ուղիղ եթերում, եւ էլի գրում են՝ ոնց որ էն մի քվեաթերթիկի անկյունը ծուռ էր, մեկն էլ մյուսին աչքով տվեց, բայց ոչ մեկ չի հարցնում՝ ժողովուրդ, Հայաստանում մենակ ՔՊ կուսակցություն կա՞։ Բա ո՞ւր են ՀՅԴ ընտրությունները, ինչի՞ էդ նույն մարդիկ չեն գնում հարցնեն՝ Հայ ազգային կոնգրես, մի հատ ցույց տվեք, ձեր վարչությունը ո՞նց է ընտրվել։ ՀՀԿ, դո՞ւք ոնց եք ընտրվել, «Պատիվ ունեմ», բա ձեր համաժողովն ո՞ւր է, ո՞վ է քվեարկում, ո՞նց է ձեր ղեկավար մարմինը ստեղծվում։ Բացարձակ լռություն է, սա նորմա՞լ է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ