Լրահոս
Օրվա լրահոսը

Լեյլա Մելիուն կարևորել է դպրոցական սննդի ապահովման գործում տեղական արտադրության ներգրավումը

Սեպտեմբեր 23,2025 17:51

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լեյլա Մելիուին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Շնորհավորելով Լեյլա Մելիուին նշանակման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ՊՀԾ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շեշտել ձեռքբերված շոշափելի արդյունքները և ընդգծել ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Նախարարը ներկայացրել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը՝ նշելով, որ 2023 թվականի հուլիսից դրա կառավարումն ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ կառավարությանը. այսուհետ ծրագիրն իրականացվում է բացառապես պետական բյուջեի միջոցներով։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը, ստանում ավելի առողջ սնունդ և միաժամանակ գիտելիքներ՝ ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։

Լեյլա Մելիուին իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ կարճ ժամանակում ծրագիրն ազգայնացնելու և հաջողությամբ իրականացնելու ուղղությամբ՝ այս գործընթացում կարևորելով նաև ԿԳՄՍ նախարարի անմիջական դերակատարությունը։ Մելիուին ընդգծել է, որ տաք սնունդ ստանալու հնարավորություն ունեցող բազմաթիվ դպրոցականներ մարզերում արձանագրում են առաջադիմության աճ և կենտրոնացման բարձրացում։ Նրա խոսքով՝ Հայաստանի փորձն օրինակելի է աշխարհի մի շարք այլ երկրների համար։

ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հատկապես կարևորել է դպրոցական սննդի ապահովման գործում տեղական արտադրության ներգրավումը, մասնավորապես՝ դպրոցների տարածքում ջերմոցային տնտեսությունների ստեղծումը, ինչը հնարավորություն է տալիս ողջ տարվա ընթացքում դպրոցներին մատակարարել առողջ սնունդ՝ միաժամանակ նաև կրթական բաղադրիչ ապահովելով երեխաների համար։ Նա առանձնահատուկ ընդգծել է նաև առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթացների անցկացումը՝ ինչպես աշակերտների, այնպես էլ համայնքի անդամների համար՝ նշելով, որ սա ևս հայաստանյան հաջողված փորձի վկայությունն է։ Ծրագրի իրականացումը Լեյլա Մելիուին կարևորել է նաև երկրի տնտեսական զարգացման համատեքստում՝ նշելով, որ խոցելի խմբերի ավելի քան 2000 կին ներկայացուցիչներ նաև աշխատանքով են ապահովվել դպրոցական ճաշարաններում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործակալության՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, սպասվող նախաձեռնություններն ու ռազմավարական ուղղությունները։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի դպրոցները «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու նպատակով 2026 թվականին պիլոտային ծրագրեր մեկնարկելու ուղղությամբ:

Անդրադարձ է եղել նաև «Դպրոցական սնունդ» կոալիցիային ՀՀ անդամակցության կարևորությանը: Ընդգծելով «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի արդյունավետ գործունեությունը՝ նշվել է, որ «ԴՍԵԲ» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանն այս օրերին Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում մասնակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիայի 2-րդ համաշխարհային համաժողովին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930