Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով նա ՀՀ նախկին նախագահներին մեղադրում է Հայաստանը, Ղարաբաղը պատերազմի մեջ ներքաշելու և փախուստի դիմելու համար, նրանց հիշեցնում է, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել ու հրավիրում է բանավեճի իր նախկին բանտախցում, ասաց․ «Փաշինյանը սրանով փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր հանցանքները։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայոց պատմության դավաճանների ցուցակում ամենապատվավոր տեղն է զբաղեցնում, պատվավորը չակերտավոր ասած։ Գուցե սա է նրան հունից հանել, բայց նա առհասարակ որպես կործանված մարդ՝ նման է ծանր հանցանք գործած հանցագործներին, որոնք փորձում են ինչ-որ կերպ իրենց հանցանքն արդարացնել ու այլ մարդկանց ներգրավել դրա մեջ։
Տեսեք, արժանապատվություն ունեցող ծանր հանցագործություն գործած անձը կունենա որոշակի պարզություն և չի փորձի որևէ մեկին ներգրավել, այս դեպքում նա ճղճիմ ձևով է գործում, փորձում ես բանավեճի հրավիրել կարծես քո դատավորներին»։
Կարապետ Պողոսյանի ասելով, շնորհիվ նախորդ նախագահների՝ Նիկոլ Փաշինյանը ստացել էր մի այնպիսի պետություն, որն անվտանգ էր, ուներ իր անկախությունը, տարածաշրջանում իր կարևոր դերը։
«Աշխարհում չկար որևէ պետություն, որը տարածաշրջանային հարցերով չխորհրդակցեր Հայաստանի հետ։ Հիմա Փաշինյանն ինչի՞ է վերածել էդ պետությունը։ Ինքը պետության մեջ ամեն ինչ վերացրել է, նույնիսկ տոն օրերը։
Կարդացեք նաև
Երկու օր առաջ մեր երկրի, մեր տոնացույցի գլխավոր տոնն էր՝ Անկախության օրը։ Փողոցներով քայլելով՝ ցավոք սրտի, ինձ թվում էր, թե մեռելոց է։ Ես որպես մարդ՝ կայացել եմ անկախության տարիներից սկսած․ 91 թվականին ես եղել եմ 11 տարեկան ու հիշում եմ, թե ինչպիսի համընդհանուր ուրախություն, ինչպիսի ցնծություն էր, որ մենք կարողանում էինք մեր պետությունը, մեր պետականությունը ստեղծել։
Եվ 2025 թվականի սեպտեմբերի 21-ին ես ուղղակի արձանագրեցի, որ մեր պետության ծնունդը վերածվել է մեռելոցի»,- ասաց Կարապետ Պողոսյանը։
Ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ երրորդ հանրապետությունը լուծարելու մասին հայտարարությունն էլ ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանական ցուցմունք, որ ձախողել է երրորդ հանրապետության կառավարումը։
«Սա առաջին հերթին ինքնախոստովանական ցուցմունք է, ինքն էնքան է ձախողել այս պետությունը, ինքն էնպիսի մի ճգնաժամի մեջ է մտցրել էս պետությունը, որ ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը ինքը տեսնում է՝ նոր պետություն ձևավորելով։
Արդյո՞ք ինքը կկարողանա ձևավորել նոր պետություն։ Մենք ունեցել ենք առիթ տեսնելու, երբ որ ինքը սկսել է ինչ-որ բան նոր կետից, Արցախի բանակցային գործընթաց էլ սկսեց սեփական կետից ու արդյունքում մենք տեսանք ինչ եղավ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ