ՔՊ-ական իշխանությունը «նոր ծիսակարգեր» է մշակում
Շատ հավանական է, որ անցած կիրակի վերջին անգամ պաշտոնապես նշվեց Հայաստանի անկախության, այսինքն՝ 3-րդ հանրապետության ծննդյան տոնը: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես գնում է, ապա 4-րդ հանրապետությունը սկսվելու է «զրոյական կետից»՝ 3-րդի լուծարումից հետո: Չէ՞ որ 1991 թվականից սկսած՝ «նոյեմբերի 7» պաշտոնապես չէր նշվում, քանի որ չկա այն պետությունը, որի ծնունդը հարկ էր նշել: Քանի որ Փաշինյանի՝ իշխանության գլխին մնալու դեպքում, այսօրվա հայկական պետությունը լուծարվելու է, սեպտեմբերի 21-ը կդադարի պաշտոական տոն լինելուց:
Ո՞րն է համարվելու 4-րդ հանրապետության «զրոյական կետը», որը նշվելու է հաջորդ տարվանից՝ առայժմ պարզ չէ: Գուցե դա լինի նոր (ալիեւյան) սահմանադրության ընդունումը, գուցե Արցախի հայաթափումը, որը ներկայիս իշխանությունն իրական անկախության սկիզբ եւ, հետեւաբար, մեծ հաջողություն է համարում, կամ, բացառված չէ՝ վաշինգտոնյան փաստաթղթի նախաստորագրումը կամ այդ փաստաթղթի ստորագրումը:
«Նախկինների» օրացույցի վերացումը միշտ ունեցել է խորքային գաղափարախոսական բնույթ եւ հատկապես «խանդավառ» ձեւով իրականացվում էր բոլշեւիկյան հակումներ ունեցող իշխանությունների կողմից: Ռուս բոլշեւիկներն, օրինակ, գալով իշխանության, մինչեւ 1936 թվականը արգելում էին նշել Ամանորը եւ տոնածառ դնել, քանի որ դա «բուրժուական տոն էր»:
Կարդացեք նաև
Ֆրանսիացի հեղափոխականների մոտեցումն ավելի արմատական էր: Նրանք որոշեցին, որ շաբաթը (որն իրենք «շաբաթ» չէին կոչում) բաղկացած է 10 օրից, որպեսզի չլինի այնպես, ինչպես Աստվածաշնչում է եւ, մասնավորապես, չլինի «կիրակի»՝ այդ բառը, հունարենից թարգմանած, նշանակում է Աստծո օր (նույնը՝ լատիներեն domenica): Վստահ եմ, ՔՊ-ականները կհաստատեն պաշտոնական նոր տոնացույց, որտեղ, անշուշտ, կլինի նաեւ Սիրելի Առաջնորդի ծննդյան օրը:
Փոխվելու են, իհարկե, նաեւ պետական խորհրդանիշներն ու ծեսերը: Օրինակ, Եռաբլուր գնալը: Քանի որ, ըստ պաշտոնական քարոզչության, 3-րդ հանրապետությունը սխալ հիմքերի վրա էր դրված, պատերազմ պետք չէր վարել, 1994 թվականի հաղթանակը պարտություն էր, իսկ 2020-ի պարտությունը՝ հաղթանակ, ապա ոչ մի հերոս էլ չկա, կան միայն նահատակներ, որոնք զոհվել են «հանուն ոչնչի»:
Ավելի ճիշտ, հերոսներ կան, բայց նրանք նույնիսկ հարկատուները չեն: Նրանք, ինչպես վերջերս պարզվեց, ՔՊ-ականներն են, որոնք «տառապել» են, որպեսզի «խաղաղություն հաստատվի»: Դե, ուրեմն, պետք է կառուցել «անհայտ ՔՊ-ականի հուշահամալիր» եւ 4-րդ հանրապետության հիմնադրման օրը ծաղիկներ խոնարհել այդ «տառապյալների» առաջ:
Ի դեպ, Նոր տարվա մասին: Կաթողիկոսին Ամանորի գիշերը շնորհավորողների շարքից հանելը բավականին նշանակալից քայլ է: Դա տեղի ունեցավ «չուլանի» ու «դոմփելու» պատմությունից առաջ եւ ազդարարում էր «նոր ծիսակարգերի» ստեղծումը: Քաղաքացիների մի մասն էլ (այդ թվում՝ իմ ընտանիքը), 2020 թվականից ի վեր, իր «ծիսակարգն» է մշակել՝ Ամանորի գիշերը հեռուստացույց չմիացնել՝ Փաշինյանի ձայնը չլսելու համար: Հետաքրքիր է, որ որոշ ռուսաստանցիներ հեռախոսում ունեն ձայնագրություն՝ Կրեմլի զանգերի ամանորյա ղողանջ՝ առանց Պուտինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2025