Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր վարկածներն իրավապահները պարտավոր են ուսումնասիրել, այդ թվում նաեւ՝ քաղաքական սպանության վարկածը»․ Մանե Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

Սեպտեմբեր 24,2025 11:57

«Բոլոր վարկածներն իրավապահները պարտավոր են ուսումնասիրել, այդ թվում նաեւ՝ քաղաքական սպանության վարկածը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին՝ իր գնահատմամբ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի, թե, հավանական է միջանձնային հարաբերությունների արդյունք էր։

Երեկ գիշեր, Մերձավանում, իր տան բակում սպանված Փարաքար համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ էր։

«Ի՞նչ է նշանակում՝ փողոցում հաշվեհարդար տեսնելով պետություն ենք կառուցում։ Փողոցում վխտում են իրական հացագործներ՝ ապօրինի զենքով, ու պատասխան չկա։ Կան տեսանյութեր, եւ ոստիկանությունը պարտավոր է օր առաջ բացահայտել, թե ի՞նչ է կատարվել։ Այսօր չէ՝ վաղը այդ բացահայտումները լինելու են։ Լավ կլինի, որ անեն այսօր, որովհետեւ այս անպատժելիության մթնոլորտի, իրական հանցագործներին փողոցում թողնելով եւ անմեղներին ձերբակալելով օր եւ րոպե առաջ․․․ այսպես չի կարող շարունակվել։ Կարծում եմ, ոստիկանության այս անգործությունը հանգել է նրան, որ փողոցում հաշվեհարդար են տեսել, այս ամենն օր առաջ պիտի բացահայտվի»,-ասաց տիկին Թանդիլյանը։

Պատասխանելով դեպքի առիթով Նիկոլ Փաշինյանի գրառման մասին հարցին՝ Մանե Թանդիլյանն ասաց․ «Ենթադրում եմ՝ ինքն իր հետ էր խոսում։ Ո՞ւմ էր ասում՝ չգիտեմ։ Աշխատանքը, որն արդեն պիտի արված լիներ, որպեսզի սա տեղի չունենար, չի արվել․ սա է փաստը։ Ակնհայտ է, որ ապօրինի զենքով փողոցում քաղաքացիներին անհանգստացնողները շարունակում են լինել այնտեղ։ Նիկոլ Փաշինյանը փոխարեն ստատուսներ գրի եւ որեւէ մեկին ինչ-որ բան կոչ անի, գործով թող զբաղվի»։

Երեկ գիշեր, հիշեցնենք, Մերձավան համանքում տեղի ունեցած սպանության արդյունքում մահացել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ մարդ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Նա վիրահատվել եւ այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը ոստիկանության ծառայող չէ։

ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ, մահացած ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ եւ այդ պահին եղել են միասին։ Դեպքի պահին նա ծառայության մեջ չի եղել։

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 5-ին Մերձավան համայնքում կրկին կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել էին։ Հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Սպանվածը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ապագանու անդամ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930